Լուրջ վտանգ է սպառնում ԼՂ մշակութային ժառանգությանը. Տեր-Ստեփանյանի ելույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ում

ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը
Քրիստիան Տեր-Ստեփանյանը նշել է, որ ԼՂ-ի հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման խնդիրը շարունակում է մնալ Հայաստանի ուշադրության կենտրոնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի մասնակից պետությունների գլխավոր ասամբլեայի նիստում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանն անդրադարձել է Ադրբեջանի քայլերին, տեղեկանում ենք ԱԳՆ-ից։

«Տեր-Ստեփանյանը մտահոգություն է հայտնել 2020թ․աշնանն Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքներին, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղի որոշ տարածքներ` այդ թվում Հադրութը և Շուշին, ենթարկվել են հայաթափման։ Նա, մասնավորապես, ընդգծել է, որ բնակչության բռնի տեղահանման արդյունքում լուրջ վտանգ է սպառնում նաև նրանց մշակութային ժառանգությանը, որն անհնար է փոխանցել կամ ապահովել դրա կենսունակությունն ու պահպանումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՀՀ մշտական ներկայացուցիչը վերահաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման խնդիրը շարունակում է մնալ Հայաստանի ուշադրության կենտրոնում։
ՀՀ մշտական ներկայացուցիչը գոհունակություն է հայտնել Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության պահպանման նպատակով միջազգային աջակցություն տրամադրելու որոշման կապակցությամբ։