ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Հայաստանում վերջին 1 շաբաթում կորոնավիրուսով վարակվելու դեպքերն ավելացել են, բայց իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է։ Այսօր հրավիրված ասուլիսում այդ մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։
«Իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է, սակայն վերջին 7 օրվա ընթացքում վարակի վերարտադրության ցուցանիշը 1-ից բարձր է, և սա խոսում է վարակի տեմպի արագացման մասին, ինչն արձանագրվել է ոչ միայն Հայաստանում, այլև մյուս երկրներում»,– ասաց նա։
Դրա հետ մեկտեղ աշխարհում բավական արագ տարածվում են «Օմիկրոնի» ВА.4 և ВА.5 տեսակները։ Աբովյանի խոսքով` իրավիճակն անկանխատեսելի է, և լուրջ բռնկումները կանխելու համար պետք է պատվաստվել։
Նշենք, որ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 174–ով, մահվան դեպքեր չեն գրանցվել։ Դրանից 1 շաբաթ առաջ գրանցվել էր վարակվելու 139 և մահվան 1 դեպք։