«Յունիբանկի» մասնաճյուղում պայթյունի հետևանքով այրվել են արխիվային փաստաթղթեր

Հրշեջ ծառայության մեքենան դեպքի վայրում. Արխիվային լուսանկար
Տուժել են 26-ից 50 տարեկան քաղաքացիներ, 59-ամյա մեկ կին մահացել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մանրամասներ է հայտնել այսօր առավոտյան «Յունիբանկ» ԲԲԸ Աշտարակի մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունից։
Հայտնել էինք, որ Վարդգես Պետրոսյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Յունիբանկ» ԲԲԸ Աշտարակի մասնաճյուղում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով մեկ քաղաքացի մահացել է, վեցը՝ տուժել:
Գերատեսչությունից տեղեկացնում են, որ տուժածներ Հ. Կ.-ն (ծնված 1991 թ․), Հ. Չ.-ն (ծնված 1996 թ․), Լ. Ա.-ն (ծնված 1996 թ․), Ա. Մ.-ն (ծնված 1972 թ․), Հ. Խ.-ն (ծնված 1978 թ․), Լ. Շ.-ն (ծնված 1996 թ․) և Ռ. Խ.-ն (ծնված 1963 թ․) հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ Հ․Կ-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, Հ․ Չ.-ինը, Հ․ Խ.-ինը, Լ․ Շ.-ինը՝ միջին ծանրության, իսկ Լ․ Ա.-ինը և Ա․ Մ.-ինը՝ բավարար:
Ի՞նչ վիճակում են Աշտարակի բանկում պայթյունից տուժածները. մանրամասներ
Հ․ Չ.-ն, Հ․ Խ.-ն և Լ․ Շ.-ն տեղափոխվել են Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել, Ռ․ Խ-ն մահացել է։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:25-ին, մարվել՝ 09:54-ին:
Բանկի մասնաճյուղի արխիվային սենյակում այրվել են փաստաթղթեր (մոտ 4 խմ), վնասվել սրահում գտնվող հաճախորդների սպասարկման պատուհանները, դուռը, ներսենյակային պատը (մոտ 30 քմ), բանկի մոտակայքում կայանած «Mazda», «Opel» և երկու «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները, հարակից տարածքում գտնվող ավիատոմսերի սրահի պատուհանը։