Հայաստանում իրական զեղչ չի լինում. ակցիաները կվերահսկվեն օրենքով

Զեղչ
Ոլորտի կարգավորման ու վերահսկողության նպատակով կառավարությունն առաջարկում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում հստակ սահմանել «ակցիա» և «զեղչ» հասկացությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Հայաստանում ո՛չ իրական զեղչ է լինում, ո՛չ էլ իրական զեղչ անողն է կարողանում շուկայում իր շահերը պաշտպանել։ Այսօր ԱԺ–ում այս հայտարարությունն արեց ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը` ներկայացնելով ոլորտի կարգավորմանն ուղղված օրենսդրական առաջարկությունը։
«Հանձնաժողովն իր ֆունկցիաներն իրականացնելիս ամեն օր հանդիպել է այս խնդրին և, ամեն անգամ վարույթ հարուցելով, տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ պատասխանատվության միջոցներ գեներացնելով, փորձել է սկզբից ուղեցույցների միջոցով այս հարցը կարգավորել։ Բայց հասկացել ենք, որ առանց հստակ օրենսդրական փոփոխությունների սա հնարավոր չէ անել»,– ասաց Գևորգյանը։
Ոլորտի կարգավորման ու վերահսկողության նպատակով կառավարությունն առաջարկում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում հստակ սահմանել «ակցիա» և «զեղչ» հասկացությունները։
Ըստ նախագծի` տնտեսվարողը պարտավոր է զեղչի մասին հստակ տեղեկացնել` նշելով ոչ միայն նվազման տոկոսային արտահայտությունը, այլև մինչ այդ գործող գինը, հակառակ դեպքում գնի իջեցումը զեղչ կամ ակցիա չի համարվում։
Բացի այդ, տնտեսվարողը պարտավոր է ակցիայի ու գնային տարբերությունների մասին տեղեկությունը հրապարակել ակցիային նախորդող 1 ամսվա ընթացքում և այն պահպանել ակցիայի ողջ ընթացքում։
Զեղչը չի կարող գործել 3 ամսից ավելի:
Ակցիայի շրջանակում տնտեսվարողն օրենքով իրավունք կունենա առաջարկվող գնի դիմաց լրացուցիչ ապրանք, ծառայություն, փաթեթ առաջարկել, որի ընդհանուր գինն ավելի ցածր է, քան դրա առանձին բաղադրիչների գների հանրագումարը:
«Գոլդեն փելեսը» գնած Նարեկ Նալբանդյանին պատկանող մեկ այլ ընկերություն տուգանվել է
«Այս օրենքի նախագծով փորձում ենք հետևյալն ասել` եթե տնտեսվարող սուբյեկտը զեղչ կամ ակցիա է հայտարարում, ապա դրա պայմանները պետք է հստակ լինեն, զեղչն ու ակցիան պետք է լինեն իրական, և այն չի կարող հարատև լինել։ Չի կարող 3 ամիս հետո մի հատ էլ 3 ամիս անի, որովհետև ամեն հաջորդ ակցիայի ժամանակ զեղչը պետք է կիրառվի նախորդ վերջին ամսվա միջին գնից ցածր։ Այսինքն` չի կարող բարձրացնել, հետո զեղչ դնել»,– ասաց ՄՊՀ նախագահը։
Գևորգյանը նաև հայտնեց, որ նոր կարգավորումները Հարկային օրենսգրքով սահմանված զեղչերի վերաբերյալ կարգավորումների վրա չեն ազդելու։
«Արաքս» թռչնաֆաբրիկան տուգանվել է հասարակությանը մոլորեցնող անբարեխիղճ մրցակցության համար