ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի և կլիմայի պաշտպանության հարցերով նախարար Ռոբերտ Հաբեկի՝ ռուսական գազը հեղուկացված բնական գազի մատակարարումներով փոխարինելու ծրագիրը ձախողվել է: Այդ մասին Bild-ի հետ զրույցում հայտարարել է ՔԴԿ-ից բունդեսթագի պատգամավոր Թորսթեն Ֆրայը:
Պարբերականը հիշեցրել է, որ նախարարը ծրագրում էր ծովով 13 միլիարդ խորանարդ մետր կապույտ վառելիք հասցնել Գերմանիա 2023 թ․-ի առաջին կեսին, ինչը թույլ կտար մասամբ փոխարինել Մոսկվայից գնվող էներգառեսուրսները։
«ՀԲԳ-ի հարցով նախարար Հաբեկի ռազմավարությունը ձախողվել է և չի կարող փոխարինել գազի քանակին, որը մեզ անհրաժեշտ կլինի առաջիկա ձմռանը տեսանելի ապագայում։ Ահա թե ինչու մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի արագ լցնենք գազապահեստարանները»,- ասել է Ֆրայը։
Խնդիրն այն է, որ Բեռլինը հնարավորություն չունի ՀԲԳ-ի տեղափոխման համար անհրաժեշտ նավեր գտնել, պարբերականին բացատրել է Մարտին Կրեգերը Նավատերերի միությունից։
«Գերմանիայի առևտրային նավատորմում գազատար տանկերներ, որոնք կարող էին ՀԲԳ-ն տեղափոխել խոշոր հեռավորությունների վրա, չկան։ Ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհում գրեթե 500 ՀԲԳ-տանկեր է հասանելի, բայց մյուս տարածաշրջանների կողմից պահանջարկը մեծ է»,- հայտարարել է մասնագետը։
Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության սկսվելուց հետո Արևմուտքն ուժեղացրել Է պատժամիջոցային ճնշումը Մոսկվայի վրա։ Որոշ երկրներ հայտարարել են ռուսական ակտիվների սառեցման մասին, շատ բրենդներ հեռացել են երկրից: Եվրամիությունը պատժամիջոցների արդեն վեց փաթեթ է հաստատել, որոնք, մասնավորապես, նախատեսում են աստիճանաբար ածխի և նավթի ներկրման էմբարգո սահմանել:
Ինչպես նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ողջ համաշխարհային տնտեսությանը, իսկ Արևմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է։ Նրա խոսքով, ներկայիս իրադարձությունները վերջակետ են դնում Արևմուտքի համաշխարհային գերիշխանությանը թե՛ քաղաքականության, թե՛ տնտեսության ոլորտներում։