«Չստեղծագործել չեմ կարող». պետերբուրգցի Օլգա Մենը ոգեշնչվում է Հայաստանում

Օլգա Մեն
Օլգա Մենը Հայաստան է տեղափոխվել Սանկտ Պետերբուրգից 7 տարի առաջ` դեռ նախքան այս ուղղությունն այսքան պահանջված դառնալը։ Մասնագիտությամբ հագուստի ձևավորող է, շուրջ 15 տարի աշխատել է Սանկտ Պետերբուրգի «Ակվարիում» մանկական երաժշտական-​​դրամատիկական թատրոնում։
Sputnik
Հիասքանչ ընտանիք ուներ, թոռներ, աշխատանք, կյանքն իր բնականոն հունով էր գնում, մինչ դուռը չթակեց դժբախտությունը։ Ծանր հիվանդությունից մահացավ Օլգայի ամուսինը, և նույնիսկ աշխատանքին ու ընտանիքին լիարժեք տրվելը չօգնեցին հաղթահարել ներքին դատարկությունը։ Այնուհետև ճակատագիրը նրան ծանոթացրեց ազգությամբ հայ Բորիսի հետ, որի հետ ընկերությունը լուրջ զգացմունքի վերաճեց։ Օլգա Մենը կրկին զգաց ընտանեկան երջանկության համը, տեղափոխվեց Հայաստան, և, հիացած երկրով ու մարդկանցով՝ սկսեց իրենց գեղեցկությամբ զարմանահրաշ տիկնիկներ ստեղծել։
Օլգա Մենի աշխատանքներից
Իր արվեստի գործերը, իսկ այլ կերպ դրանք անվանել չի կարելի, Օլգան պատրաստում էր պոլիմերային կավով` մետաղալարե հենքի վրա։ Հայաստանում նա մոտ 250 տիկնիկ է պատրաստել. կեսը նվիրել է, մյուս կեսը հայտնվել է մասնավոր հավաքածուներում։
Շարժուն, վառ և հարուստ զգեստներով հեղինակային այդ տիկնիկները ապշեցնում են իրենց գեղեցկությամբ և թեմատիկ բազմազանությամբ։ Ազգային տարազներով հայ և ռուս գեղեցկուհիներ, հեքիաթային ու առասպելական կերպարներ (Փյունիկ թռչուն, Կարապ արքայադուստր, Ձյունանուշ և այլն), հիասքանչ շամաններ, վհուկներ, կախարդներ, անտառային գեղեցկուհիներ, «թատերական» աղջիկներ, «տարվա եղանակներ» և այլն։ Այս աշխատանքները ցուցադրվել են Հայաստանի տարբեր ցուցահանդեսներում՝ սկսած 2016 թվականից։
Անհատական առաջին փոքր ցուցահանդեսը կայացավ 2019 թվականի դեկտեմբերի վերջին Երևանում գործող Ռուսական տանը («Ռոսսոտրուդնիչեստվո»)։ Երկրորդը` արդեն ավելի մեծամասշտաբ` 60 տիկնիկների մասնակցությամբ` 2022 թվականի մարտին Երևանի պատմության թանգարանում` Մարինա Խաչմանուկյանի նախաձեռնությամբ, մի մարդ, որը Հայաստանում լրջորեն զբաղվում է տիկնիկների թեմայով։ Այսօր Օլգան ստեղծագործական նոր փուլում է և նոր ծրագրեր ունի, որոնց մասին պատմեց Sputnik Արմենիային։
– Օլգա, ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց։ Որտեղի՞ց առաջացավ զգեստներ, այնուհետև տիկնիկներ ստեղծելու ցանկությունը, որոնցում արտացոլվեց քո դիզայներական վարպետությունը։
– Ամբողջ կյանքում ձգտել եմ որևէ գեղեցիկ բան ստեղծել։ 12 տարեկանում տատիկս ինձ կարի մեքենա նվիրեց, քանի որ այդ ընթացքում արդեն հասցրել էի փչացնել մայրիկիս բոլոր զգեստները, կտրում էի, ինձ համար վերաձևվում։ Առաջին բանը, ինչ կարեցի կարի մեքենայով, հին վերարկուից կարված բաճկոնն էր, այնքան «գեղեցիկ» ստացվեց՝ ցից-ցից էր կանգնել, քանի որ չգիտեի, որ կարերն արդուկել է պետք։ 8-րդ դասարանից հետո ինձ թեթև արդյունաբերության տեխնիկում տվեցին (այսօր դա Հագուստի ինժեներական դպրոց է), որտեղ ես շատ բան սովորեցի։
Օլգա Մենի աշխատանքներից
Աշխատանքային գործունեությունս սկսեցի կոնստրուկտոր-մոդելավորողի դիպլոմով։ 16 տարեկանից գումար էի վաստակում կարուձև անելով։ Ուսումն ավարտելուց հետո առաջին անգամ իսկական աշխատանքի անցա Նևսկի պողոտայի վրա գտնվող Մոդելների տանը` որպես էսքիզներ նկարող։ Դա նորաձևության իսկական թագավորություն էր, որտեղ սովորում էի գեղեցկությունը տեսնել հագուստի միջոցով, և այն, թե ինչպես է հագուստը դեպի լավը փոխում աշխարհն ու մարդկանց։ Բացի այդ, կարուձև էի անում նաև տանը` կանանց երջանիկ էի դարձնում։ Այնուհետև եղավ «Ակվարիում» թատրոնը, որտեղ ստեղծագործական լիարժեք ազատություն էի ստացել, և նույնիսկ կոնկրետ պայմաններ կային. սեղմ ժամկետներն ու փոքր բյուջեն ինձ բավարարում էին, քանի որ ստեղծագործելն ամենակարևորն էր։
Ինքս էի հորինում զգեստները, գործվածքները գնում, կարում բոլոր դերասանների համար, իսկ նրանք քիչ չէին։ Թատրոնը տարեկան երկու ներկայացում էր բեմադրում` հզոր, հետաքրքիր, գեղեցիկ։ Բայց հետո թատրոնում խնդիրներ սկսվեցին, իսկ իմ կյանքում ծանր շրջան եղավ, ոչինչ հավերժ չէ։ Փոփոխությունները բոլորի համար ցավոտ էին, արդյունքում ես և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես մաշվել էի, ու հասկացա, որ աշխատանքն ինձ այլևս չի ուրախացնում, իսկ տանջահար լինելով աշխատել չեմ ուզում։ Ակնհայտորեն մեծ փոփոխությունների ժամանակն էր եկել։ Հենց այդ ժամանակ էլ ծանոթացա Բորյայի հետ և Երևան մեկնեցի։ Ուրիշ կյանք սկսվեց արդեն Հայաստանում։ Իսկ քանի որ չստեղծագործել չեմ կարող, դա իմ էությունն է, նաև ստեղծագործելու նոր թեմա առաջացավ։
– Եվ այստեղ արդեն ամեն ինչ սկսեց պտտվել տիկնիկների աշխարհի շո՞ւրջ։
– Արդեն ավարտել էի պլաստիկից տիկնիկների պատմությունը։ Ինչո՞ւ էի ավարտել։ Դե, ինչպես է երեխան 7 տարեկանում, դա մի ցիկլ է, Հայաստանով հիացմունքիս 7-ամյա ցիկլն էլ ավարտվեց, հանդարտվեց, կարծես «խորքն» ընկղմվեց։ Այնտեղ պահպանում եմ իմ ներքին երեխային, չեմ դադարում ուրախանալ ամեն մանրուքից, բայց արդեն կամաց-կամաց. որևէ տեղ չեմ շտապում ու պարզապես ուրախանում եմ կյանքով։ Երբ Հայաստանին նոր ծանոթացա, շատ բուռն էի արձագանքում, հույզերս և տպավորություններս բուռն էի արտահայտում։ Երբ սկսեցի տիկնիկներ պատրաստել, չէի կարողանում կանգ առնել, բայց տիկնիկներն այնքան շատացան, որ այլևս բնակարանում չէին տեղավորվում։ Ինձ մոտ ապրող տիկնիկնրի մի մասը պահարան ուղարկեցի, այսօր էլ նոր նյութ եմ փնտրում։ Այլևս չեմ ուզում աշխատել պլաստիկով։ Դեռ Պիտերից հետս բերված գործվածքների կտորներն իրենց ժամին են սպասում։
Օլգա Մենի աշխատանքներից
Չէ՞ որ տեքստիլը ստեղծագործելու համար հսկայական դաշտ է, ուզում եմ այն յուրացնել։ Որոշել եմ գնալ հեշտ ճանապարհով։ Ինչ-որ բան եմ տեսնում, սկսում եմ կերտել։ Շրջանակ կա` գործվածքեղենից կտավ եմ ստեղծում։ Ժանյակներ են նվիրել` ծաղիկներ եմ կտրատում և խնձորի ծառ ստանում` ճապոնական ոճի կոմպոզիցիա։ Գեղեցիկ ասեղնագործ վիշապը հին բարձի երեսից նույնպես կտավի վերածվեց։
Ճիշտ է՝ կտորից առանձին նոր կոմպոզիցիաների համար տիկնիկների տեսքով լրացման կարիք եղավ, որոնց ես պատրաստեցի տեքստիլից` «Լիալուսին», «Մեդիտացիա»։ Սկսեցի նաև տեքստիլից ստեղծել «Երջանկության թռչուն» շարքը, քանի որ ոչ մի մարդ երջանկության նման նվերից չի հրաժարվի։ Բացի այդ, ուզում եմ կտորե հասարակ խաղալիքներ պատրաստել, որոնք կարելի է լցոնել, օրինակ, բուրավետ խոտով կամ կախել երեխայի մահճակալի վրա։ Մի խոսքով` հիմա մարդկանց համար օգտակար և պիտանի բան եմ անելու։ Տիկնիկներն, այնուամենայնիվ, աշխատանք էին ինձ համար, իմ հույզերի վերամշակումը։
– Ասացիր, որ այլևս որևէ տեղ չես շտապում։ Դա արդեն զուտ հայկական, հարավային «համախտանիշ» է։ Հարսնացուն հյուսիսից հալվե՞ց մեր արևից։
– Պիտերում միշտ սպասում էինք ամռանը, երբ արև դուրս կգա և հնարավոր կլինի փողոց դուրս գալ ու երկար քայլել` վայելելով եղանակը։ Պիտերում ֆիզիկապես ինձ վատ էի զգում, եթե ամառը չէի վայելում աշխատանքի և մշտական ծանրաբեռնվածության պատճառով։ Այստեղ էլ` Հայաստանում, երկար էի ներսիցս հանում «մեղքի այն զգացումը», որ նստած եմ տանը և աշխատում եմ, երբ պատուհանից այն կողմ արև է շողում։ Նայում եմ պատուհանին և մտածում, որ պետք է այնտեղ լինեմ` դրսում։ Հետո աստիճանաբար հանդարտվեցի, քանի որ Հայաստանում արև շատ կա, այն հավերժ է, և շտապելու տեղ չկա։ Հետզհետե ձերբազատվեցի այդ կախվածությունից. լավ եղանակի հավերժ սպասումից, հիմա` հավերժ արևի և հանգստության այդ վիճակում եմ ապրում։ Այնպիսի շրջան եկավ, երբ վազքից քայլքի ես անցնում, հանգստանում ես, հասկանում, որ կյանքը հիասքանչ է, և երբ հանգիստ քայլում ես այդ կյանքով։ Դադարում ես մտածել հանապազօրյա հացի մասին, այն մասին, թե ուր ներդնես արվեստդ` պարզապես անում ես ամեն բան, ստեղծագործում ես, որովհետև դրանից քեզ լավ ես զգում, և վերջ։
Օլգա Մենի աշխատանքներից
– Այսինքն այստեղ քեզ լավ ես զգում...
– Շատ լավ։ Հայկական այս կյանքումս այնքան գրավիչ, հաճելի պահեր ապրեցի, հասկացա, որ մարդը պետք է հասարակ բաների մեջ տեսնի երջանկությունը, մանրուքներում գտնի կարևորը։ Եվ պետք չէ որևէ տեղ կամ ինչ-որ բանի հետևից վազել, ես հանգստացա, և հիմա փորձում եմ այդ հանգստության, անփութկոտության և անշտապ արարելու պարադիգմում մնալ։
– Պատմի՛ր, խնդրում եմ, քո վերջին ցուցահանդեսների մասին։
– Այս տարի` մարտին, տիկնիկներս ցուցադրվեցին Երևանի պատմության թանգարանում՝ անհատական ցուցահանդեսի շրջանակում։ Ցուցահանդեսը երեք շաբաթ տևեց, շատերը հասցրին այցելել թանգարան, բայց շատերն էլ չկարողացան ներկա լինել, և շատ էին ափսոսում։ 60 տիկնիկ էր ներկայացված, դա մեծ թիվ է, ևս 20-ը տանն էին մնացել։ Իհարկե, այդ քանակությունը զուտ ֆիզիկապես դժվար էր տեղափոխել, բայց այնքան լավ ու հաճելի խոսքեր ասացին այցելուները, որ հասկանալի էր` ամեն ինչ իզուր չէ, եթե մարդկանց ուրախություն ես պարգևում։
Բացի այդ, մայիսին` ժողովրդական արվեստի թանգարանում «Աշխարհը` տիկնիկի աչքերով» խորագիրը կրող հայ և ռուս վարպետների հեղինակային ցուցահանդեսում 5 տիկնիկ էի ներկայացրել։ Ցուցահանդեսների կարևորությունն անհերքելի է, չէ՞, որ դա աշխարհի հետ արվեստովդ կիսվելու և ինչ-որ մեկին ուրախություն պարգևելու միակ տարբերակն է։ Իսկ Տիկնիկների պատկերասրահի գաղափարը, որը Երևանում ձախողվեց զուտ ֆինանսական խնդիրների պատճառով, երազանք է մնում Հայաստանի բոլոր տիկնիկագործների ու այդ արվեստը սիրողներից շատերի համար։
Օլգա Մենի աշխատանքներից
Ընդհանրապես, հեղինակային տիկնիկների թեման բավական բարդ է ինչպես վաճառքի առումով, այնպես էլ՝ հավաքածու համալրելու։ Դրանք էժան չեն, քանի որ մեկ օրինակով ձեռքի աշխատանք են, որի վրա շատ ժամանակ և ուժ է ներդրվել։ Նույնիսկ եթե որևէ մեկին նվիրում ես, նա մտածում է` ուր դնել, ինչպես համադրել ինտերիերի հետ։ Բացի այդ, այն պետք է համապատասխանի մարդու ներաշխարհին, նրա համար թալիսման ու ընկեր լինի։ Ես հասկացա նաև, որ Հայաստանը երկիր է, որտեղ ապրում է համբերությունն ու հավատը։ Դադարեցի տիկնիկների թանգարանի մասին երազել, հավատալով, որ կգա ժամանակը, և ամեն ինչ կստացվի։ Իսկ մինչ այդ տիկնիկներս ապրում են իմ տանը, հիշեցնում ինձ ստեղծագործելու ուրախության մասին, ոգեշնչում ու առաջ մղում։