Արաբկիրը ջրազրկվել է. «Վեոլիա Ջուրը» մեղադրում է Քանաքեռավանի ձորում շինաղբ թափողներին

Ընկերության տարածած տեսանյութում երևում է, որ բեռնատարը բարձունքից ձորն է թափում շինարարական աղբը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Երևանի Արաբկիր վարչական շրջանի մեծ մասում երկու օր (հուլիսի 6-7-ին) ջուր չի լինելու։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը սպառողներին է ներկայացրել վթարային ջրանջատման իրական պատճառը` տեսանյութով։
«Արաբկիրում հայտարարված մասնակի ջրանջատման պատճառը Քանաքեռավանի հարակից ձորում «Արզնի 2 - Երևան» մայրուղային ջրատարի վթարն է: Հողն այստեղ բարձրունքից սահել է ներքև ու տեղաշարժել խողովակաշարը, որը, չդիմանալով ֆիզիկական լարմանը, «կարից» բացվել է: Իսկ թե ինչի հետևանք է հողի սողքը, թերևս պարզ է հաջորդ պատկերից. հերթական բեռնատարը բարձունքից ձորն է թափում շինարարական աղբն ու ավելացնում կուտակումները»,– ասված է ընկերության ներկայացրած պարզաբանման մեջ։
«Վեոլիա Ջուրը» նաև հայտնում է, որ ձորում լցված շինաղբի պատճառով կտրուկ նեղացել է Հրազդանի հունը, գոյացել է լճակ, իսկ արտահոսող ջրերը ծածկել են հիմնական ճանապարհը:
Գառնի-Երևան մայրուղային ջրատարը վթարվել է. մասսայական ջրանջատումներ կլինեն
Ընկերությունը հիշեցնում է, որ վթարը Քանաքեռավանի ձորում միակը չէ. ջրագիծը 2 անգամ վնասվել էր նաև անցյալ ամռանը` քարերով ու ժայռաբեկորներով ծանրաբեռված հողի սողքի պատճառով:
«Վեոլիա Ջուրը» սպառողներին խոստանում է վթարը վերացնել հնարավոր ամենասեղմ ժամկետում` մինչև հուլիսի 7-ի ժամը 13:00-ը, նաև հույս հայտնում, որ պատկան մարմիններն ի վերջո կարգելեն աղբաթափումն այս վայրում` ապահովելով ջրի սահուն ընթացքը Հրազդանով և մայրուղային ջրատարի հուսալի շահագործումը: