ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել է Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի նախագահ Մերիչել Բատետի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։
Ըստ հաղորդագրության` նրանք քննարկել են միջպետական համագործակցության ներկա վիճակը, քաղաքական երկխոսության, տնտեսության ու մշակույթի ոլորտներում զարգացման հեռանկարները ։
Ընդգծվել է նաև երկու երկրների օրենսդիր մարմինների միջև միջազգային խորհրդարանական հարթակներում համագործակցության կարևորությունը։
Արարատ Միրզոյանը Մերիչել Բատետին է ներկայացրել Հայաստանում իրականացվող բարեփոխումները՝ ուղղված ժողովրդավարության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, իրավունքի գերակայության առաջմղմանը և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարին։
Միրզոյանն Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի նախագահին է ներկայացրել նաև Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ հայկական կողմի ջանքերը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող վերջին զարգացումները:
Երկուստեք կարևորվել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը և ընդգծվել է, որ ուժի կիրառումը չի կարելի հակամարտությունների լուծման միջոց համարել:
Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների համատեքստում Միրզոյանն ընդգծել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման հրատապությունը, ինչպես նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։
ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է նաև Հայաստան֊Թուրքիա կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։
Միրզոյանի այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ նաև Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի, ՄԱԿ–ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի հետ:
Նշենք, որ ՀՀ արտգործնախարարն աշխատանքային այցով է մեկնել Իսպանիա։