Ռուսաստանը չի մասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2022»-ին

«Մանկական Եվրատեսիլ» մրցույթը Երևանը հյուրընկալում է արդեն երկրորդ անգամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Ռուսաստանում «Մանկական Եվրատեսիլ–2022» երգի միջազգային մրցույթին մասնակցելու համար ազգային ընտրական փուլի հայտերի ընդունումը չեղարկվել է, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իգոր Կրուտոյի ակադեմիայի մամուլի ծառայությանը, որը ընտրության կազմակերպիչն է։
Պարզաբանվում է, որ «որոշումն ընդունվել է Առաջին ալիքի, Համառուսաստանյան պետական հեռուստատեսության և հեռարձակման ընկերության և «Օստանկինո» ռադիոկայանի՝ Եվրոպական հեռարձակողների միությունից դուրս գալու առնչությամբ՝ ի պատասխան «Եվրատեսիլ–2022» երգի մրցույթից Ռուսաստանի մասնակցին հեռացնելուն։
Հայտնել էինք, որ «Մանկական Եվրատեսիլ - 2022» երգի միջազգային մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
«Մանկական Եվրատեսիլ» մրցույթը Երևանը հյուրընկալում է արդեն երկրորդ անգամ։ 2011 թվականին Վլադիմիր Արզումանյանն իր «Մամա» երգով հաղթանակ տարավ, ու հաջորդ տարի մրցույթը անցկացվեց Հայաստանում։
2021 թվականին 14-ամյա Մալենան իր «Քամի, քամի» երգով հաղթեց 19-րդ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում՝ ստանալով 224 միավոր՝ մրցույթը «կրկին բերելով» Երևան: