ՌԴ–ից արտահանողները դեպի Հայաստան են նայում. ՌԱԿ–ի ներկայացուցիչ

Վիգեն Ենոքյան. Արխիվային լուսանկար
ՌԱԿ–ի ներկայացուցիչը նշել է, որ Հայաստանի ազատ տնտեսական գոտիների ենթակառուցվածքների կիրառումը հեռանկարային է ինչպես նոր արտադրությունների ստեղծման, այնպես էլ երրորդ երկրներ դուրս գալու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Ռուսաստանցի արտահանողները նստիճանաբար ավելի մեծ ուշադրություն են դարձնում ՌԴ կարևոր ռազմական գործընկերներից մեկին` Հայաստանին։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Եկատերինբուրգում կայացած «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի արտահանման կենտրոնի ներկայացուցիչ Վիգեն Ենոքյանը։
Նրա խոսքով` ներկա պահին Հայաստանում բավական հարմարավետ պայմաններ են ստեղծված ռուսաստանյան ընկերությունների կամ ռուսաստանյան մասնակցությամբ ընկերությունների համար։ Ենոքյանը վստահեցրել է, որ ՌԱՀ–ը պատրաստ է աջակցելու հայրենական արտահանողներին Հայաստանում բարեխիղճ գործընկեր գտնելու հարցում` հաշվի առնելով տեղական շուկայի կարիքները, ինչպես նաև առաջարկել վարկա-երաշխիքային և ապահովագրական արտադրանք նախագծերի աջակցման նպատակով։
«Արդեն օգոստոսին Երևանում բազմոլորտ բիզնես–առաքելություն կանցկացվի, որը թույլ կտա մեր ընկերություններին կապեր հաստատել հայաստանյան պոտենցիալ գործընկերների հետ։ Կոչ ենք անում ակտիվ մասնակցություն ունենալ», – հավելել է ՌԱԿ–ի ներկայացուցիչը։
Նա նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար առևտրային գործընկերն է։ 2021 թվականին երկու երկրների ապրանքաշրջանառությունը ավելացել է 13%–ով և կազմել մոտ 2.7 մլրդ դոլար։ 2022 թվականի առաջին 4 ամիսների արդյունքներով փոխադարձ ապրանքաշրջանառությունը ավելացել է 30%–ով։
Ենոքյանը նշել է նաև, որ Հայաստանի ազատ տնտեսական գոտիների ենթակառուցվածքների կիրառումը հեռանկարային է ինչպես նոր արտադրությունների ստեղծման, այնպես էլ երրորդ երկրներ դուրս գալու համար։
Հիշեցնենք, որ նախօրեին ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել էր, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը մտածում է փոփոխություններ կատարել օրենսդրության մեջ` բարձրացնելու համար գրավչությունը ՌԴ–ից և այլ երկրներից իրենց բիզնեսը տեղափոխողների համար։
Ֆինանսների նախարարությունում հայտարարել էին, որ Հայաստանը պետք է հետևի, թե ինչ են առաջարկում ՌԴ ծրագրավորողներին և ֆինանսիստներին մյուս երկրները` առնվազն նույնքան շահավետ առաջարկ անելու համար։