ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Yerkir.am կայքն անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանի վերաբերյալ տարածված տեղեկություններին, թե նա գրանցված է եղել ու մինչև 2018 թ.–ը պարբերաբար ներկայացել է Սևանի հոգեբուժարան, իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո դադարել է այցելել բուժհաստատություն։
Կայքը փորձել է տեղեկությունները ճշտել ՀՀ առողջապահության նախարարությունից։ Գերատեսչության պատասխանում լուրերը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել են. հղում անելով օրենքներին` նշել են, որ պացիենտի առողջական վիճակի, բժշկական օգնության ու սպասարկում ստանալու մասին տեղեկությունները բժշկական գաղտնիք են։
Նարեկ Գրիգորյանը ԱԺ-ում, անդրադառնալով ընդդիմությանը, ասել էր, որ 44-օրյա պատերազմի օրերին ինքը եղել է «Գեղարքունիք» ջոկատի հրամանատարը, որտեղ եղել է նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հայրը՝ Վաչիկ Սաղաթելյանը։ Ըստ պատգամավորի` Վաչիկ Խաչատրյանն իրեն խնդրել է, որ թողնի` գնա տուն` ասելով, որ հիվանդ է։
Կայքը նաև պաշտպանության նախարարությանն է դիմել` պարզելու պատգամավոր Նարեկ Գրիգորյանի` ԱԺ–ում ունեցած ելույթում հիշատակված հանգամանքների իսկությունը։
Հարցման օրից անցել է 20 օր, բայց Yerkir.am–ը պատասխան չի ստացել նախարարությունից։