ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը կոչ է արել հետաքննել անցած ուրբաթ ուզբեկական Նուկուս քաղաքում անօրինական ցույցի հետ կապված իրավիճակը: Այս մասին ասված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի կայքում հրապարակված հայտարարությունում։
«Բռնության, այդ թվում՝ սպանությունների մասին հաղորդագրությունները, որոնք մենք ստացել ենք բողոքի ակցիաների ժամանակ (Նուկուս քաղաքում՝ խմբ.), մտահոգիչ են։ Ես իշխանություններին կոչ եմ անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել»,- հայտարարել է Բաչելետը։
Կարակալպակստանի մայրաքաղաք Նուկուսում հուլիսի 1-ին ցույց էր անցկացվել Ուզբեկստանի Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունների պատճառով: Տեղական իշխանությունների տվյալներով՝ ձերբակալվել է անկարգությունների կազմակերպիչների մի խումբ, որը փորձել է գրավել տարածաշրջանի իշխանության մարմինները: Կարակալպակստանում հուլիսի 3-ից մինչև օգոստոսի 2-ը արտակարգ դրություն, ինչպես նաև պարետային ժամ է հայտարարվել:
Ուզբեկստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Կարակալպակստանում հասարակական կարգը վերականգնվել է, անկարգությունների ընթացքում մահացել է 18 մարդ, տուժել՝ 243-ը, ձերբակալվել՝ 516-ը:
Ուզբեկստանի խորհրդարանը որոշել է պահպանել Կարակալպակստանի ինքնիշխանությունը ենթադրող կարգավիճակը, ինչը պնդում էին ցուցարարները: