Մայր օրենքով երաշխավորված իրավունքները ՀՀ քաղաքացու համար անցաթուղթ են. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ նիստին. Արխիվային լուսանկար
ԱԺ նախագահը մաղթել է, որպեսզի սահմանադրական նորմերը կայուն տեղ ունենան հանրային ընկալումներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
«Մայր օրենքով երաշխավորված իրավունքներն ու ազատությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացու հիմնական անցաթուղթն են: Դրանց կյանքի կոչումն ու իրացումը մեր պետության հիմքն ու ժամանակակից աշխարհում սեփական դիմագիծն ունենալու երաշխիքներն են»,– ասված է հաղորդագրությունում:
Նրա խոսքով` հայ ժողովրդի պարտքն է հասնել իրավունքի և օրենքի գերակայության, ինչը Հայաստանի ժողովրդավարության այն նշաձողն է, որին մեր ամենօրյա աշխատանքով պետք է մոտենանք ժամ առ ժամ:
Սիմոնյանի պնդմամբ` հայաստանյան հասարակությունն իր գործողություններով ապացուցել է, որ մերժում է սահմանադրական կարգի դեմ ուղղված ոտնձգությունները, ինչը կարևոր ցուցիչ է:
ԱԺ նախագահը Սահմանադրության օրվա առթիվ նաև մաղթել է, որ սահմանադրական նորմերը կայուն տեղ ունենան հանրային ընկալումներում և առօրյա կյանքում:
Իշխանությունը շատ լավ տեղավորվել է 2015–ին փոխված Սահմանադրության տիրույթում. Այվազյան
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի փետրվարին որոշում էր ստորագրել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին:
Սահմանադրության առաջին փոփոխություններն արվել են 2005 թվականին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Փոփոխության անհրաժեշտությունն ի հայտ եկավ այն ժամանակ, երբ 2001 թվականին Հայաստանը Եվրոպայի խորհուրդ մտավ։
2015 թվականի դեկտեմբերի 6-ին` Սերժ Սարգսյանի օրոք, Հայաստանն արդեն փաստացի նոր Սահմանադրություն ընդունեց, որով երկիրը կիսանախագահական կառավարման ձևից անցավ խորհրդարանականի։