Իշխան Սաղաթելյանը հանդիպումներ է ունեցել Ստրասբուրգում. առանցքում եղել է Արցախի խնդիրը

Լուկաս Ֆուրլասն ու Իշխան Սաղաթելյանը
Ընդդիմադիր պատգամավորը Ստրասբուրգում հայտարարել է, որ հայ ժողովրդի համար անընդունելի է որևէ լուծում, որով Արցախը կլինի Ադրբեջանի կազմում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ Պետեր Վիտանովի, Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասի, խորհրդարանի ECR քաղաքական խմբի փոխնախագահ Չառլի Վայմերի և Եվրոպական Խորհրդարանի փոխնախագահ Հեիդի Հաութալայի հետ։
ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի ու Արցախի շուրջ առկա անվտանգային մարտահրավերները և ադրբեջանական շարունակական ագրեսիան։
Սաղաթելյանը կարևորել է Արցախի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և կարգավիճակի հարցը` որպես Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության և հակամարտության կարգավորման միջոց։ Շեշտվել է, որ հայ ժողովրդի համար անընդունելի է որևէ լուծում, որով Արցախը կլինի Ադրբեջանի կազմում։
Եվրոպացի գործընկերներին են ներկայացվել նաև «Դիմադրության» շարժման նպատակներն ու առաջիկա ծրագրերը, քննարկվել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։
Հիշեցնենք` այսօր «Հրապարակ» թերթն է գրել, որ Սաղաթելյանը մեկնել է Ստրասբուրգ։ Նրա այցը տևելու է մի քանի օր։ Հայտնի է, որ Սաղաթելյանը Ստրասբուրգից մեկնելու է Բրյուսել։ Այցի շրջանակում հանդիպումներ են նախատեսված Եվրոպական խորհրդարանի ղեկավարության, Հայաստանին առնչվող մարմինների պատասխանատուների և քաղաքական հիմնական խմբերի ներկայացուցիչների հետ։