ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով մեկնել է Եվրոպական Խորհրդարանի Ստրասբուրգի նստավայր, որտեղ ընթանում է Խորհրդարանի լիագումար նիստը, այնուհետև նա մեկնելու է Բրյուսել: Այս տեղեկությունը փոխանցում է «Հրապարակ» թերթն իր այսօրվա համարում։
«Մեզ հայտնի դարձած տեղեկություններով` նախատեսված են Սաղաթելյանի հանդիպումները Եվրոպական Խորհրդարանի ղեկավարության, Հայաստանին առնչվող մարմինների պատասխանատուների և քաղաքական հիմնական խմբերի ներկայացուցիչների հետ։ Նա նման բարձր մակարդակի 10-ից ավելի հանդիպում է ունենալու»,- գրում է թերթը։
Լրատվամիջոցը նկատում է, որ սա տեղի է ունենում այն պայմաններում, երբ իշխանությունները զրկեցին Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից։ «Ակնհայտ է, որ Եվրոպայում բավականին հետաքրքրություն կա հայաստանյան ընդդիմության և նրա ապագա ծրագրերի նկատմամբ: Այս ուղևորությունն ուշագրավ է նաև նրանով, որ խորհրդարանական ընդդիմությանը ոմանք համարում են ռուսամետ շարժում»,- գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հիշեցնենք, որ իշխանությունը հուլիսի 1-ին փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից հետ կանչելու որոշումներ ընդունեց։ Դրանից հետո Հայկ Մամիջանյանը հրաժարվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից, Թադևոս Ավետիսյանը հրաժարական ներկայացրեց ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից, իսկ Արթուր Խաչատրյանը` ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից։
Միաժամանակ, Թագուհի Թովմասյանը հայտնեց, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից չի հրաժարվելու։