ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Հուլիսի 1-ից արգելվել է հացահատիկի արտահանումը Արցախի տարածքից, տեղեկանում ենք Արցախի գյուղատնտեսության նախարարությունից։
««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն, Արցախի կառավարության N 755-Ն որոշմամբ, սույն թվականի հուլիսի 1-ից արգելվել է ցորենի և գարու, այդ թվում՝ ցորենի և գարու սերմացուների արտահանումը Արցախի Հանրապետության տարածքից»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ որոշման իրագործման նկատմամբ վերահսկողությունը վերապահվել է Արցախի ներքին գործերի նախարարությանը և պետական եկամուտների կոմիտեին:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո Արցախում այգիների ու վարելահողի մի մասը մնացել է ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո։
Sputnik Արմենիան գրել էր, որ Ղարաբաղում մի քանի տասնյակ հազար հեկտար վարելահող էր օգտագործվում։ Դրա շնորհիվ կերակրացորենի ու մթերային ցորենի մի մասը հունիսին ու հուլիսին Հայաստան էր բերվում, հենց այն ժամանակ, երբ ՀՀ-ում բերքահավաքը դեռ չէր սկսվել։ Դա օգնում էր կրճատել կախվածությունը ներմուծումից։
Արցախը տարեկան հավաքում էր մոտ 100 000 տոննա ցորեն (Հայաստանի ու Արցախի ընդհանուր պահանջարկի մոտ 25 տոկոսը): Ցորենի դաշտերը հիմնականում գտնվում էին ցածրադիր շրջաններում, որոնց մեծ մասն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։