ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ։
Նա նշել է, որ լինելով զսպումներն ու հակակշիռները մարմնավորող յուրահատուկ իրավաքաղաքական համաձայնություն՝ Սահմանադրությունը կենդանի և ապրող փաստաթուղթ է:
«Սահմանադրորեն հռչակված ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության հայեցակարգի հենքը սահմանադրական արժեքներին և Սահմանադրության ոգուն համահունչ գործելն է: Սա առավել առաջնային հրամայական է բոլոր նրանց համար, ովքեր ի պաշտոնե ծառայում են մեր Հանրապետությանը. հանձնառու ու պարտավոր ենք աշխատել առավելագույնս արդյունավետ՝ չշեղվելով մեր սահմանադրական առաքելությունից ու ծառայելով բացառապես մեր պետության հզորացմանը»,–ասել է ՍԴ նախագահը:
Դիլանյանը նկատել է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության առանցքը մարդու արժանապատվությունն է, իսկ դրա բաբախող սիրտը քաղաքացին է՝ իր սահմանադրորեն ամրագրված հիմնարար ազատություններով և իրավունքներով, հնարավորություններով և պարտականություններով:
«Հենց այդ բաբախող սրտի անխափան աշխատանքն է մեր պետական ինստիտուտների հետագա կայացման, իրավունքի գերակայության խթանման, սահմանադրական մշակույթի ամրապնդման ու հայկական ժողովրդավարության երկարաժամկետ հաջողության անվիճելի գրավականը և երաշխիքը»,–ասված է ՍԴ նախագահի շնորհավորական ուղերձում:
Դիլանյանը խաղաղություն ու բարեկեցություն է մաղթել հայ ժողովրդին:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի փետրվարին որոշում էր ստորագրել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին:
Սահմանադրության առաջին փոփոխություններն արվել են 2005 թվականին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Փոփոխության անհրաժեշտությունն ի հայտ եկավ այն ժամանակ, երբ 2001 թվականին Հայաստանը Եվրոպայի խորհուրդ մտավ։
2015 թվականի դեկտեմբերի 6-ին` Սերժ Սարգսյանի օրոք, Հայաստանն արդեն փաստացի նոր Սահմանադրություն ընդունեց, որով երկիրը կիսանախագահական կառավարման ձևից անցավ խորհրդարանականի։