ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Ֆինլանդիան ԵՄ պատժամիջոցների շրջանակում գրեթե հազար բեռնատար վագոն է առգրավել, որոնք պատկանում են ռուսական ընկերություններին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Ռոյթերս» գործակալությանը։
Ֆինլանդիայի պետական երկաթուղային օպերատոր «VR Group»-ի տվյալներով՝ դատական կատարածուների ծառայությունը ԵՄ-ի պատժամիջոցներին համապատասխան սառեցրել է մի քանի տասնյակ ռուսական և բելառուսական ֆիզիկական ու իրավաբանական անձանց, այդ թվում՝ տրանսպորտային ընկերությունների ակտիվները` առնվազն 82 մլն եվրոյի չափով:
Ընկերության ներկայացուցիչը նամակում հաստատել է, որ Ֆինլանդիայում պատժամիջոցների տակ գտնվող մոտ 800 միավոր (բեռնատար) վագոն կա: «VR-ը ձգտում է որքան հնարավոր է շուտ վերադարձնել Ռուսաստանի բռնագրավված վագոնները»,– հավելել է նա: Ըստ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության՝ տրանսպորտի նախարարությանը հասցեագրված նամակի` Ֆինլանդիան Ռուսաստանից առգրավել է 865 վագոն:
Գործակալության տվյալով՝ ընկերություններից մեկը, որի ակտիվները առգրավվել են, «Ալֆա-Լիզինգն» է, որը կատարածուների գործողությունների դեմ բողոք է ներկայացրել ֆինլանդական դատարան։