Դատախազի տեղակալները դիմումներ կգրեն, մինչև Աննա Վարդապետյանի գնալը. «Ժողովուրդ»

ՀՀ գլխավոր դատախազություն
Թերթի տեղեկություններով` դատախազի տեղակալներից միայն մեկը կշարունակի պաշտոնավարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունում արշալույսները արդեն խաղաղ չեն: Չնայած նորընտիր դատախազ Աննա Վարդապետյանը ՀՀ գլխավոր դատախազի աթոռը կզբաղեցնի սեպտեմբերի 15-ից, սակայն մինչ նրա գալը դատախազությունում արդեն որոշ պաշտոնյաներ տրամադրված են հեռանալուն:

«Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մինչ Աննա Վարդապետյանի գալը պաշտոնից ազատման դիմումներ կգրեն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Հայկ Ասլանյանը, ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը և գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանը: Ասել է թե՝ նրանք չեն սպասի, որ իրենց ազատեն, այլ իրենք առաջ կընկնեն և ազատման դիմում կգրեն»,- գրում է թերթը:

«Ժողովրդի» տեղեկություններով` միակ տեղակալը, որ թերևս կմնա դատախազությունում, Գևորգ Բաղդասարյանն է, որին պաշտոնից չեն ազատի: «Բանն այն է, որ նա թեև դատախազ Դավթյանի ընկերն է, բայց նաև «Մարտի մեկի» գործով մեղադրող դատախազներից մեկն է և ծառայություն է մատուցել քաղաքական իշխանությանը»,- փոխանցում է թերթը:
Հայտնել էինք, որ հունիսի 29-ին ԱԺ-ն միաձայն` 70 «կողմ» ձայնով ՀՀ գլխավոր դատախազ ընտրեց վարչապետի օգնական Աննա Վարդապետյանին։
Աննա Վարդապետյանը 36 տարեկան է։ 2019-ին եղել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, 2020 թվականի մարտին նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական։
Հիշեցնենք՝ գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022 թ. սեպտեմբերին։