ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Ցավդ տանեմ, պուպուշկա, ջանուշկա, «наш мужик пришел». նման փաղաքշական բառերով են «Աստղիկ» բժշկական կենտրոնում դիմավորում 44–օրյա պատերազմում զոհված Արման Ազատյանի եղբորը` նորածին Արմանին։
News.am-ից տեղեկանում ենք, որ պատերազմում զոհված Արմանն Ազատյանների միակ որդին էր։
«Խոսք չկա ասելու. ուրախություն, հպարտություն, լույս։ Ոնց էլ մեծանա, ավելի լավն է լինելու։ Բոլորիս հոգիներում մի փոքր հանգստություն կա և ուժ` առաջ գնալու։ Գալիս է մի պահ, որ վերևից քեզ ասում են` դա պետք է արվի, ու դու հասկանում ես, որ ճիշտ է»,–ասում է նորածնի մայրը` Իրինա Բարխուդարովան։
Հիվանդանոցի բակում Ազատյանների հարազատները ծափահարություններով են ողջունում փոքրիկին և մայրիկին։
«Եղբայրն է վերածնվել` մուննաթ եղբայրն է։ Տղայիս` Արմանիս եմ զգում։ Մեր պայքարն ավելի է թեժանալու. պետք է ամեն ինչ անենք, որ այս երեխաներն ունենան նորմալ ու ճիշտ երկիր, որտեղ հիմնականում կլինեն հայերը, ոչ թե թուրքերը»,–ասում է Արմանի հայրը` Վիգեն Ազատյանը։
Նորածնին հիվանդանոցից ուղիղ Եռաբլուր են տանում. հայրն ասում է` փոքրիկը նախ պետք է իր եղբայրներին տեսներ։
Հիշեցնենք, որ Վիգեն Ազատյանն Ազատության հրապարակում բողոքի ակցիա անող ծնողների շարքում էր միշտ։
20-ամյա Արման Ազատյանը ծանր վիրավորում էր ստացել պատերազմի առաջին օրը Ֆիզուլիում և մի քանի օրվա պայքարից հետո` հոկտեմբերի 1–ին, մահացել հիվանդանոցում։