Վրաստանն արգելել է ցորենի և գարու արտահանումը

Ցորեն
2021 թվականին Վրաստանն ավելի քան 1,4 հազար տոննա ցորեն է արտահանել Հայաստան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Այսօր ուժի մեջ է մտել Վրաստանի կառավարության` տեղական արտադրության ցորենի և գարու արտահանման արգելքի մասին որոշումը։ Տեղեկությունը ՏԱՍՍ-ի թղթակցին են հայտնել Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից։

«Ցորենի և գարու արտագանման արգելքի մասին որոշման մեջ որևէ փոփոխություն չի արվել, հետևաբար, այն այսօրվանից ուժի մեջ է մտել»,- նշել են կառավարությունից։

Վրաստանի իշխանությունը հունիսի վերջին որոշեց արգելել ցորենի և գարու արտահանումը։ Արգելքը կգործի մինչև 2023 թվականի հուլիսը։ Կառավարության որոշումը չի արգելում Վրաստանում արտադրված եգիպտացորենի արտահանումը։
Երկրի ազգային վիճակագրական ծառայության տվյալով` 2021 թվականին Վրաստանն ավելի քան 1,4 հազար տոննա ցորեն է արտահանել Հայաստան (365 հազար դոլարի), 49 տոննա` Թուրքիա (16 հազար դոլարի), 40 տոննա` Ուկրաինա (10 հազար դոլարի)։ 2021 թվականին Վրաստանում աճեցված ցորենի ընդհանուր ծավալը կազմել է 136,1 հազար տոննա, ինչը 2020 թվականի ցուցանիշից բարձր է 32,9%-ով։
Վրաստանն ամեն տարի մինչև 650 հազար տոննա ցորեն է սպառում։ Հանրապետությունն ինքն իրեն ապահովում է միայն 15%-ով։ Մնացածը ներմուծվում է, որի 90%-ը` Ռուսաստանից։ Վրաստանի իշխանություններն ապրիլին հայտարարեցին, որ առաջիկա տարիներին նախատեսում են ավելացնել աճեցվող ցորենի ծավալներն ու 15%-ից դարձնել 50%։