Թուրքիան մտադիր է շարունակել ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը. Չավուշօղլու

Մևլութ Չավուշօղլու. Արխիվային լուսանկար
Չավուշօղլուի խոսքով՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակությունը թույլ կտա տարածաշրջանում կայուն խաղաղության հասնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Թուրքիան մտադիր է շարունակել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ մեկնաբանելով Վիեննայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների բանակցությունների վերջին փուլը։
«Մենք մտադիր ենք շարունակել այս գործընթացը, տարածաշրջանը կայուն խաղաղության կարիք ունի»,- ասել է Չավուշօղլուն Անկարայում կայացած մամուլի ասուլիսում։
Հուլիսի 1-ին Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ` ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի չորրորդ հանդիպումը։ Կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար։ Կողմերը պայմանավորվել են նաև հնարավորինս շուտ Հայաստանի և Թուրքիայի միջև օդային բեռնափոխադրումներ իրականացնել։