ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Հայաստանի հետ երկխոսության գործընթաց։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։
«Ես Ադրբեջանի նախագահի հետ քննարկել եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության բրյուսելյան օրակարգի բոլոր հարցերը: Նշել եմ ԵՄ-ի համար կայուն, անվտանգ և խաղաղ Հարավային Կովկասի կարևորությունը: Մենք շարունակելու ենք աջակցել հումանիտար խնդիրների լուծմանը, մասնավորապես` սահմանների հստակեցմանը, ինչպես նաև ապագա խաղաղության համաձայնագրի կնքմանը»,- գրել է Միշելը։
Մայիսի 22-ին Բրյուսելում կայացել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ եռակողմ հանդիպում, որի ընթացքում, ըստ պաշտոնական հայտարարությունների, պայմանավորվածություն էր ձեռք բերվել տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանն ուղղված հետագա աշխատանքների, սահմանների սահմանազատման և անվտանգության հանձնաժողովի աշխատանքները սկսելու վերաբերյալ։