Խաղադրույքային կայքերի կեղծ էջերով գումարներ շորթած երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել

Քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ հափշտակության մեխանիզմը, տուժողների շրջանակը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. «Adjarabet.am» և «Vivarobet.am» կայքերի նմանակ կեղծ էջեր ստեղծելու և դրանցով հափշտակություն կատարելու դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։
Քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի 27-ամյա բնակիչը, Գյումրի քաղաքում բնակվող՝ 2000թ. ծնված ընկերոջ հետ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու շուրջ համաձայնություն ձեռք բերելով, 2020թ. ընթացքում «Adjarabet.am» և «Vivarobet.am» կայքերի օգտատերերի խաղային հաշիվներից հափշտակել են խոշոր չափերով գումարներ:
Այդ նպատակով «a5.ru» կայքում ստեղծել է «Adjarabet.am» և «Vivarobet.am» կայքերի նմանակ կեղծ էջեր՝ դրանք արտաքինից ձևավորելով նշված կայքերի տեսքով, որոնցում նշել է, թե իբր մուտք գործելով կայք՝ տրամադրվելու են գումարի տեսքով բոնուսներ:
Կայքերի օգտատերերը կեղծ կայքերի էջերում մուտքագրել են իրենց անհատական խաղային հաշիվների մուտքանուններն ու գաղտնաբառերը, որոնք հաղորդագրությունների տեսքով ստացել է 27-ամյա երիտասարդը և խաղային հաշիվներին կցված բանկային քարտերից գումար փոխանցել իր էլեկտրոնային դրամապանակների հաշիվներին և բանկային քարտերին՝ հափշտակել ընդհանուր 2.302.434 ՀՀ դրամ գումար:
27-ամյա և 22-ամյա երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասով, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, խոշոր չափով) ինչպես նաև՝ 254-րդ հոդվածի 1-ին մասով (Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը)։Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Տարադրամի փոխանակման կետից գումար հափշտակելու մեջ կասկածվող երիտասարդը ձերբակալվել է
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին: