Հայտնի է՝ ով է փոխարինել Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ ղեկավարի պաշտոնում

Սերգեյ Չիչոյան. Արխիվային լուսանկար
Բարձրագույն խորհրդի նախագահի պարտականությունները պետք է կատարեր Խորհրդի տարիքով ավագ անդամ Ստեփան Միքայելյանը, որը, սակայն, հրաժարականի դիմում է ներկայացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Սերգեյ Չիչոյանը, հայտնում են ԲԴԽ-ից։
Նշենք, որ ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի համաձայն՝ այսօր՝ հուլիսի 4-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել քվեարկություն, որի արդյունքներով Խորհրդի նախագահ չի ընտրվել:
Օրենքով սահմանված կարգով՝ Բարձրագույն խորհրդի նախագահի պարտականությունները պետք է կատարեր Խորհրդի տարիքով ավագ անդամ Ստեփան Միքայելյանը, որը սակայն հրաժարականի դիմում է ներկայացրել ավագության սկզբունքով պարտականությունները կատարելուց:

Խորհրդի որոշմամբ՝ դիմումը բավարարվել է, և ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի տարիքով մյուս ավագ անդամ Սերգեյ Չիչոյանը:

Նշենք, որ ավելի վաղ Ռուբեն Վարդազարյանը (որպես ԲԴԽ նախագահ և դատավոր լիազորությունները դադարեցված են) միջնորդություն էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ` պահանջելով հետաձգել ԲԴԽ նախագահի ընտրությունները։ Նշենք, որ ԲԴԽ-ն որոշում էր կայացրել Վարդազարյանին զրկել դատավորի և ԲԴԽ նախագահի լիազորություններից, իսկ Ռուբեն Վարդազարյանն ու նրա շահերի պաշտպան Արամ Օրբելյանը հայտնել էին, որ բողոք են ներկայացրել այդ որոշման դեմ։
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին հայտնի դարձավ` Վարդազարյանի լիազորությունները որպես դատավոր դադարեցվում են էական կարգապահական խախտման հիմքով։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն էլ հուլիսի 1-ին հրաժարական էր ներկայացրել։