2014/15 թվականներին Հայկ Կիրակոսյանը մասնակցեց ՈւԵՖԱ-ի կողմից անցկացվող մարզչական դասընթացներին ու ստացավ տարածաշրջանային հրահանգչի որակավորում։ Ութ տարի դասավանդել է ՀՖՖ-ի կողմից կազմակերպված մարզչական որակավորման դասընթացներում։ Նրա առավել ճանաչված սաներից են դարպասապահներ Արման Մելիքսեթյանն ու Գոռ Մանուկյանը։ 2021 թվականին հմուտ մասնագետը ընդունեց ռուսական «Ռյազան-ՎԴՎ» կանանց թիմի առաջարկն ու այժմ աշխատում է այնտեղ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Հայկ Կիրակոսյանը ներկայացրել է մարզչական կարիերայի ուշագրավ մանրամասները։
-Պարոն Կիրակոսյան, ինչպե՞ս եղավ, որ հեռացաք Հայաստանից։
-2021 թվականին ես ինքնակամ հեռացա «Փյունիկից»։ Մի քանի ամիս աշխատեցի «Սարդարապատ» ակումբում, ապա գործակալս տեղեկացրեց, որ առաջարկ կա Ռուսաստանից. քննարկելով աշխատանքային պայմանները՝ տեղափոխվեցի «Ռյազան-ՎԴՎ»։
-«Փյունիկից» հեռանալու կոնկրետ պատճառներ կայի՞ն։
-Ես 16 տարի հավատարիմ եմ մնացել իմ ակումբին՝ «Փյունիկին»։ Ինչ-որ կոնկրետ պատճառ չեմ նշի, պարզապես կասեմ, որ յուրաքանչյուր մարդու համար գալիս է մի պահ, երբ պետք է փոխի աշխատավայրը։ Ինձ մոտ էլ եկավ այդ պահը։
«Ռյազան-ՎԴՎ» կանանց թիմի դարպասապահների մարզիչ Հայկ Կիրակոսյանը
© Photo : provided by Hayk Karapetyan
-Իսկ Հայաստանի Պրեմիեր լիգայի այլ թիմերից առաջարկներ չե՞ն եղել։
-Ոչ։ Ոչ մի առաջարկ, ես որոշ ժամանակ նույնիսկ անգործ էի։
-Տղամարդկանց ֆուտբոլը անկասկած տարբերվում է կանանց ֆուտբոլից։ Առաջին հերթին դա վերաբերում է ֆուտբոլիստների ֆիզիկական հնարավորություններին։ Իսկ դարպասապահների համար ի՞նչ տարբերություն կա։
-Ֆիզիկական առումով համաձայն եմ, որ տարբերություն կա, բայց շատ քիչ։ Տղամարդկանց ու կանանց, մասնավորապես՝ դարպասապահների միջև տարբերությունը էական է հոգեբանական առումով։ Ես շատ ժամանակ եմ ծախսում ու վատնում աղջիկների հետ զրուցելու վրա։ Բայց աղջիկներն էլ տղաների համեմատ ավելի շատ են նվիրվում իրենց գործին։ Լրիվ այլ մոտեցում է մարզումներին ու խաղերին։ Իմ աշխատանքային սկզբունքներից մեկն այն է, որ ես պետք է մտնեմ դարպասապահի ուղեղի մեջ։ Ում հետ որ չի հաջողվում, ես իմ աշխատանքը բավարար չեմ համարում։
Մարզումների ժամանակ
© Photo : provided by Hayk Karapetyan
-«Ռյազան-ՎԴՎ» թիմը հարուստ պատմություն ունի։ Ռուսաստանի բազմակի չեմպիոն, գավաթակիր։ Մասնակցել է կանանց ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի և ՈւԵՖԱ-ի գավաթի մրցաշարերին։ Բայց հիմա արդյունքները այնքան էլ բարձր չեն։
- Թիմը համալրված է փորձառու ու բարձրակարգ ֆուտբոլիստներով։ Ռուսաստանի առաջնությունում հիմա խաղում ենք առանց մեր առաջատար մի շարք ֆուտբոլիստների, որոնք վնասվածքի պատճառով չեն դուրս գալիս խաղադաշտ։ Բացի այդ, նախորդ մրցաշրջանից հետո, 11 ֆուտբոլիստներ հեռացել են թիմից։ Սերնդափոխություն է ընթանում։ Այդ պատճառով էլ արդյունքներն այնքան էլ գոհացուցիչ չեն։
- Իսկ գո՞հ եք նոր թիմում ձեր աշխատանքից։
- Մարզչի համար ամենակարևորը իր սաների առաջընթացն է։ Ներկայումս մեկնարկային կազմում խաղում է Մարինա Ժամանակովան, Վիոլետա Իսայկինան է մեր թիմում, որը Ռուսաստանի մինչև 19 տարեկան կանանց հավաքականի ավագն է։ Հիմա էլ Ռուսաստանի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յուրի Կրասնոժանը Իսայկինային հրավիրել է ազգային հավաքական։ Մարզումների մեջ ընդգրկել ենք նաև հեռանկարային երկու պատանի դարպասապահների։
Մարզումների ժամանակ
© Photo : provided by Hayk Karapetyan
-Տարբերություն կա՞ որ թիմում աշխատել՝ տղամարդկանց, թե կանանց։
-Ինձ համար տարբերություն չկա։ Ես մի բառ գիտեմ՝ ֆուտբոլ։ Սրանով ամեն ինչ ասված է։ Ինձ համար կարևորը դարպասապահների աշխատանքն է։
- Վերադառնանք Հայաստան. ակումբային դարպասապահներից ո՞վ կարող է, ըստ Ձեզ, պաշտպանել ազգային հավաքականի դարպասը։
- Յուրաքանչյուր դարպասապահ, համապատասխան ու ճիշտ աշխատելու դեպքում, կարող է գնահատվել որպես հավաքականի անդամ դառնալու թեկնածու։ Ես կտրականապես դեմ եմ, որ Դավիթ Յուրչենկոն փոխարինող չունի Հայաստանում։ Ես վստահ եմ, որ Գոռ Մանուկյանը, Հենրի Ավագյանը, Արման Մելիքսեթյանը, Արման Ներսիսյանը ճիշտ աշխատանքի դեպքում կարող են հասնել շատ բարձր մակարդակի։ Ես հիշում եմ, որ Լիտվայի հետ ընկերական խաղում Գոռ Մանուկյանը նունիսկ խաղի ընթացքում ոտքը վիրակապեց, շարունակեց խաղալ ու մի քանի հիանալի սեյվ կատարեց։ Իսկ խաղից հետո պարզվեց, որ խաչաձև կապանների լուրջ վնասվածք է ստացել։ Այսինքն, մարտիկի բնավորություն ունի այս տղան։
Հարցազրույցի վերջում Հայկ Կիրակոսյանը նշեց, որ Հայաստան վերադառնալն ու աշխատելը կապված է առաջարկ լինելու հետ։
«Ռյազան-ՎԴՎ» կանանց թիմի դարպասապահների մարզիչ Հայկ Կիրակոսյանը
© Photo : provided by Hayk Karapetyan