«Հայաստան» դաշինքում տարաձայնություններ բացարձակապես չկան. Արամ Վարդևանյան

Արամ Վարդևանյանը «Դիմադրութան» բողոքի ակցիային
Արամ Վարդևանյանը նշեց, որ Արթուր Ղազինյանի` մանդատից հրաժարվելն ավելի շատ մարտավարական նշանակություն ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. «Հայաստան» դաշինքում տարաձայնություններ բացարձակապես չկան։ Սարյանի պուրակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նշենք, որ «Դիմադրություն» շարժումն այսօր Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկից դեպի Հայաստանում ԵՄ գրասենյակ երթ իրականացրեց, որից հետո վերադարձան Սարյանի պուրակ։ Այդ ընթացքում հայտնի դարձավ, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը վայր է դնում մանդատը։
«Ղազինյանի որոշման մասին տեղեկացված եմ եղել, խոսել եմ Ղազինյանի հետ, որևէ խնդիր չկա, ավելի շատ մարտավարական նշանակություն ունի։ Մեկ բան հստակ է` «Դիմադրություն» շարժման գործողություններին այլընտրանք չկա. չեմ պատկերացնում` ինչպես այս պայմաններում կարելի է ԱԺ գնալ և տեխնիկական հարց քննարկել»,–ասաց Վարդևանյանը։
Վարդևանյանը վստահեցնում է` պառակտման խնդիր այս պահին չկա, ինչի մասին կարող է փաստել այն քայլը, որ երբ իշխանությունն Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին զրկեց պաշտոններից, ընդդիմադիր մյուս գործիչներն էլ հրաժարվեցին իրենց պաշտոններից։
Հիշեցնենք, որ իշխանությունը հուլիսի 1-ին փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից հետ կանչելու որոշումներ ընդունեց։ Դրանից հետո Հայկ Մամիջանյանը հրաժարվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից, Թադևոս Ավետիսյանը` հրաժարական է ներկայացրել ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից, իսկ Արթուր Խաչատրյանը` ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից։
Միաժամանակ, Թագուհի Թովմասյանը հայտնել էր, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից չի հրաժարվելու։