Գրիգորյանը ԳՐԵԿՈ-ի քարտուղարին է ներկայացրել կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված քայլերը

Անդրադարձ է կատարվել հակակոռուպցիոն օրակարգի խնդիրների լուծման խթաններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ կառավարության աշխատանքներն ու առաջիկա բարեփոխումները փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) գործադիր քարտուղար, Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի և համագործակցության վարչության ղեկավար Հաննե Յունկերին։ Տեղեկությունը հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը` հավելելով, որ Գրիգորյանն ընդունել է Հաննե Յունկերի գլխավորած պատվիրակությանը:
«Փոխվարչապետը, նշելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության կողմից հռչակված գերակա և կարևոր ուղղություններից է, ներկայացրել է Հայաստանում այդ ուղղությամբ տարվող աշխատանքներն ու առաջիկա բարեփոխումները։ Անդրադարձ է կատարել այլ բարեփոխումներում հակակոռուպցիոն օրակարգի խնդիրների լուծման խթաններին»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Զրուցակիցները քննարկել են ԳՐԵԿՈ-ի գնահատման չորրորդ փուլի «Կոռուպցիայի կանխարգելումը պատգամավորների, դատավորների և դատախազների շրջանում» զեկույցում տրված խորհրդատվությունների կատարման ընթացքը:
ՀՀ-ում կոռուպցիայի վերացման մասին աղաղակող պնդումներից հետո էլ մնացել ենք նույն դիրքում
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը: