ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ, որում քննադատել է Կանադայի ԱԳՆ-ին, որը ավելի վաղ հայտնել էր Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու մասին: Բանն այն է, որ Կանադայի գերատեսչության հաղորդագրության մեջ խոսվում էր Բալթյան երկրներում և Արևելյան Եվրոպայում դիվանագիտական ակտիվության ընդլայնման մասին՝ «Ռուսաստանի ապակայունացնող գործունեությանը հակազդելու նպատակով»։
Դեսպանատան հայտարարության մեջ խոսվում է «հայկական ժողովրդավարությանը Կանադական աջակցության ավելացման» ուղիների մասին, ինչի կապակցությամբ Կանադան Հայաստանում լիարժեք դեսպանատուն կբացի։ Դա թույլ կտա ամրապնդել երկկողմ կապերը և ուժեղացնել կանադական աջակցությունը հայկական ժողովրդավարությանը։
Երևանում Ռուսաստանի դեսպանատանը տարակուսանք են հայտնել այն հարցի վերաբերյալ, որ դեսպանատան բացումը Կանադայի արտաքին գործերի նախարարության կողմից մատուցվում է նաև «ռուսական ազդեցությանը հակազդելու» համատեքստում:
«Զարմացնում է նման անթաքույց ամբարտավան և արհամարհական վերաբերմունքը պետության նկատմամբ, որի հետ, կարծես, պատրաստվում են ամրապնդել երկկողմ կապերը։ Ակամայից մտածում ես այն մասին, թե ինչպես այդ գիծը կանդրադառնա հայ ժողովրդի բարեկեցության և անվտանգության վրա»,-նշել են դիվանագիտական ներկայացուցչությունում։
Հայտարարության հեղինակների կարծիքով՝ այս սյուժեն հատկանշական է աշխարհի ընկալման տեսանկյունից՝ այն պետությունների կառավարող շրջանակների կողմից, որոնք իրենց դասում են «ոսկե միլիարդի» շարքին:
Դեսպանատանը նշել են, որ այլ երկրների և ժողովուրդների նկատմամբ հենց նման ամբարտավան և երբեմն ճոռոմ վերաբերմունքն է ընկած ժամանակակից աշխարհում տեղի ունեցող բազմաթիվ ողբերգական իրադարձությունների հիմքում: