Թուրքմենական գազի թուրքական շուկա մատակարարման նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը. Արխիվային լուսանկար
Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ TANAP-ի ընդլայնումը Եվրոպան կարող է դիտարկել որպես ռուսական գազի մատակարարման այլընտրանք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Թուրքական շուկա թուրքմենական գազի մատակարարման նախապատրաստումը մոտենում է ավարտին, հայտնել է երկրի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը: Նրա խոսքը մեջբերում է Anadolu գործակալությունը։
Փոխնախագահը հավելել է, որ գազի առաքման երեք տարբերակ է մշակվում։
Ավելի վաղ Ֆուաթ Օքթայը հայտարարել էր թուրքմենական գազը Թուրքիա մատակարարելու հնարավորության մասին՝ նշելով, որ այն ուղարկվելու է Տրանսանատոլիական գազատարի (TANAP) գծով։ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը հայտարարել էր, որ TANAP-ի ընդլայնումը Եվրոպան կարող է դիտարկել որպես ռուսական գազի մատակարարման այլընտրանք։ Նրա խոսքով՝ տարբեր աղբյուրների գծին միացումը հնարավոր է Թուրքիայի տարածքով։
«Մենք երեք այլընտրանքային ուղղությամբ ենք աշխատում․TANAP գծի օգտագործումը՝ Կասպից ծովով, SWAP համաձայնագիրը կամ խողովակաշարը՝ ծովային ճանապարհով գազատար: Ուրախ եմ ասել, որ մենք շատ մոտ ենք ավարտին»,-ասել է Օքթայը։
Նրա խոսքով`Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը լուրջ աջակցություն է ցուցաբերում արագ արդյունքների հասնելու համար։
Ընդգծելով, որ հյուսիսային միջանցքը ռիսկային է դարձել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ճգնաժամի պատճառով, և որ դա շատ ավելի գրավիչ է դարձնում միջին միջանցքը` Օքթայը նշել է, որ Անկարան ցանկանում է այն ակտիվացնել շատ ոլորտներում՝ կասպիական երթուղու միջոցով օգտագործելով երկաթուղային և օդային լոգիստիկ ենթակառուցվածքը։