ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik, Դավիթ Գալստյան. Իրանական բեռնատարները որոշակի դադարից հետո վերսկսել են երթևեկությունը Կապան-Գորիս մայրուղով:
2020թ.-ի դեկտեմբերին` Սյունիքում հայկական ուժերի հետքաշումից հետո, ադրբեջանական ուժայինները (զինվորականներ, սահմանապահներ, ոստիկանություն) վերահսկողություն հաստատեցին Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրի վրա․ դա Իրանն ու Հայաստանը կապող հիմնական մայրուղին էր։
Ադրբեջանական անցակետը Գորիս–Կապան ճանապարհին
© Sputnik / David Galstyan
Որպես այս ճանապարհին այլընտրանք Հայաստանի իշխանությունները սկսեցին Շինուհայր-Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհահատվածի արագընթաց շինարարությունն ու վերանորոգումը, քանի որ արդյունքում ադրբեջանական իշխանությունները վերջնականապես փակեցին երթևեկությունը հայկական մեքենաների համար։
Մյուս երկրների քաղաքացիներից, որոնք անցնում էին այդ ճանապարհով (հիմնականում՝ Իրանի և Վրաստանի) ադրբեջանցի մաքսավորները սկսեցին տուրք գանձել`130-280 ԱՄՆ դոլար՝ մեկ մեքենայի մեկ ուղղությամբ ընթացքի համար։
Իրավիճակը Գորիս-Կապան ճանապարհին
Ճանապարհի այն հատվածներում, որտեղ հայկական և ադրբեջանական անցակետերը հաջորդում են իրար, միջակայքում գտնվում են ռուս սահմանապահների անցակետերը։
Ճանապարհի հսկողությունն ուժեղացնելու համար շախմատային կարգով բետոնե բլոկներ են տեղադրվել։
Իրանական բեռնատարները Գորիս–Կապան ճանապարհին
© Sputnik / Andranik Ghazaryan
Երկու ամիս առաջ իրանական բեռնատարները դադարել են երթևեկել այդ ճանապարհով, բայց տեղի բնակիչների փոխանցմամբ՝ արդեն մի քանի շաբաթ է, ինչ շարժը վերսկսվել է։ Ընդ որում, ավելի հաճախ են երթևեկում, քան նախկինում։ Վերջերս, օրինակ, մոտ 10 մեքենայից բաղկացած շարասյուն է անցել։
Իրանցի վարորդներից մեկը հայտարարել է, որ իրենք այլևս չեն վճարում ադրբեջանական անցակետում տարանցման համար, քանի որ «ունեն պահանջվող թուղթը»: Թե կոնկրետ ինչ թղթերի մասին է խոսքը, անհասկանալի է։
Այլ աղբյուրներ պնդում են, որ վճարման պայմանները չեն փոխվել։
Իրանական բեռնատարներին տրվող փաստաթուղթ
© Sputnik / Andranik Ghazaryan
Կապան-Գորիս ճանապարհահատվածով երթևեկում են հիմնականում կցորդիչով և խոշոր բեռնատարները։ Մեր գնահատականներով՝ 2022 թվականի սկզբին այդ ճանապարհով է անցել իրանական բեռնատարների մոտ 5 տոկոսը։
Բայց այդ ճանապարհով անցնում են ոչ միայն իրանական բեռնատարները, նաև վրացական համարանիշներով մեքենաներ են այստեղով երթևեկում։
Կապան-Տաթև-Շինուհայր ճանապարհի վիճակը
Իսկ ահա հայկական կողմի կառուցած Կապան-Տաթև այլընտրանքային ճանապարհը հապճեպ էր կառուցվում։ Անորակ աշխատանքի հետևանքը չուշացավ։
Կապան–Տաթև ճանապարհը
© Sputnik / David Galstyan
Այժմ ճանապարհն ավերված վիճակում է։ Մասնավորապես` Վերին Խոտանան-Տաթև հատվածը։
Ասֆալտ գրեթե չկա` հող է, կան փլուզված տեղեր, էլ չենք ասում բազմաթիվ փոսերը: Որոշ մասերում ճանապարհը միայն միակողմանի է հասանելի։
Կապան–Տաթև ճանապարհը
© Sputnik / David Galstyan
Իշխանությունները պնդում են, որ Տաթև-Կապան ճանապարհի որոշ հատվածներում փլուզումը պայմանավորված է նրանով, որ դրանց շինարարությունն իրականացվել է առանց երթևեկությունը կանգնեցնելու։ Սակայն դա ճանապարհի ներկայիս ահավոր վիճակը չի արդարացնում։
Ներկայումս Տաթև-Կապան ճանապարհը երկրորդ անգամ է նորոգվում։ Ներքին Խոտանան գյուղի հատվածում շրջանցիկ ճանապարհ են կառուցում (ներկայիս ճանապարհը շատ նեղ է, քանի որ գյուղի միջով է անցնում)։
Բացի այդ, ակտիվորեն կառուցվում է Տաթև-Լծեն ճանապարհը, որը պետք է կրճատի Տաթև-Երևան երթուղին և բեռնատարների համար շրջանցում ապահովի Տաթև-Հալիձորի դժվարանցանելի լեռնային հատվածում։