Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա
Հայաստանում 2019-2020 թվականներին տղամարդկանց և կանանց աշխատավարձերի տարբերությունը միջինում կազմել է 30-35%: Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
«2019 թվականին կանանց միջին աշխատավարձը կազմել է 145 հազար դրամ, իսկ տղամարդկանց միջին աշխատավարձը՝ մոտ 222 հազար դրամ։ 2020 թվականին կանանց վարձատրությունն ավելացել է 5 հազար դրամով և կազմել միջինում 150 հազար դրամ։ Մինչդեռ տղամարդկանց մոտ, ընդհակառակը, այն նվազել է մինչև 220 հազար։ Այսպիսով` տոկոսային արտահայտությամբ տարբերությունը կազմել է 30-35%»,-ասում է նա։
Փորձագետի խոսքերը հաստատում է վիճակագրությունը։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ տղամարդկանց միջին աշխատավարձը 2019 թվականին կազմել է շուրջ 222 հազար դրամ, կանանց միջին աշխատավարձը՝ 145 հազար դրամ։ Այսպիսով, տարբերությունը կազմել է 34,7%:
Գործունեության տարբեր ոլորտներն իրենց նրբություններն ունեն, մտավոր աշխատանքի ոլորտում դրույքաչափերն ավելի բարձր են։ Այսպես, ՏՏ ոլորտում կանայք միջինը վաստակում են շուրջ 360 հազար դրամ, իսկ տղամարդիկ՝ 530-560 հազար դրամ։ Ընդ որում, այս ոլորտում «թույլ սեռի» ներկայացուցիչների թիվն ավելացել է միայն վերջին 5-6 տարիների ընթացքում։
«Ոչ վաղ անցյալում շատերը չէին էլ կարող ենթադրել, որ կանայք կցանկանան աշխատել այդ ոլորտում և կկարողանան փայլուն դրսևորել իրենց այնտեղ, բայց փորձը հակառակն է ցույց տալիս»,-ասաց Մակարյանը:
Ի դեպ, 2021 թվականի տնտեսական ակտիվությունը, ըստ պաշտոնական վիճակագրության, հետևյալ տեսքն ունի․ տղամարդիկ՝ 66,3 տոկոս, կանայք՝ 46,3 տոկոս։
Գործատուների միության նախագահը գտնում է, որ աշխատաշուկայում թույլ սեռի ներկայացուցիչների ավելի քիչ ակտիվությունը դեռևս բացատրվում է հայ հասարակության մեջ ավանդույթների գերակայությամբ և ընտանիքում կնոջ դերով:
Ընտանիքի նյութական բարեկեցության հիմնական պատասխանատվությունն ավանդաբար ընկած է տղամարդկանց վրա, իսկ կինը կենցաղային հարցերի ճնշող մեծամասնությունն է լուծում, ինչպես նաև զբաղվում երեխաների խնամքով:
«Այս հանգամանքը, այսպես թե այնպես, հաշվի է առնվում գործատուների կողմից։ Այն, որ կինը միշտ չէ, որ կարող է մինչև ուշ ժամ աշխատավայրում մնալ, կամ կարող է ուշանալ ընտանեկան հանգամանքների պատճառով և այլն, արտացոլվում է նրա աշխատավարձի վրա»,-հավելեց Մակարյանը։
Ինչ վերաբերում է գործունեության ոլորտներին, ապա փորձագետը նշեց, որ դրանցից մի քանիսում կանայք գրեթե չկան։ Այսպիսիք են, օրինակ, հանքարդյունաբերությունը, շինարարական ոլորտը... Այդ ոլորտներում կանայք կարող են լինել միայն հաշվապահության մեջ՝ որպես գրասենյակային աշխատողներ։
Մյուս կողմից, սպասարկման, զբոսաշրջության, տեքստիլի, սննդի, պահածոների արտադրության ոլորտում հենց կանայք են գերակշռում։
«Այնպիսի անձնական որակներ, ինչպիսիք են «ֆայմը», նախաձեռնողականությունը և վերլուծական մտածողությունը, տարբեր ոլորտներում կանանց թույլ են տալիս տղամարդկանց հավասար աշխատավարձ ստանալ։ Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ կանայք կարող են իրենց փայլուն դրսևորել ինչպես ՏՏ, այնպես էլ բիզնեսի, մենեջմենթի, մարքեթինգի ոլորտներում»,-հավելեց Մակարյանը։
Հատկանշական է, որ 2009-ին ՀՀ-ում ընդամենը 720 գործարար կին կար և մոտ 2400-2500 մենեջ։ 2013-ին այդ ցուցանիշներն արդեն 4-5 անգամ աճել էին։
Վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում «բիզնես-լեդիների» թիվն ավելացել է։ «Այսօր կանայք զգալի դեր են խաղում երկրի տնտեսության մեջ։ Կարծում եմ՝ այս երկու տարվա ընթացքում աշխատանքի վարձատրության գենդերային տարբերությունը կրճատվել է՝ հասնելով 30 տոկոսի»,-ասում է Մակարյանը։
Ի դեպ, տղամարդկանց և կանանց աշխատավարձերի միջև տարբերություն կա գրեթե բոլոր երկրներում, սակայն զարգացած երկրներում այդ տարբերությունը կրկնակի քիչ է: Եվ այժմ Հայաստանն այս հարցում ձգտում է համաշխարհային չափանիշների՝ ուժեղացնել կանանց դերն ու հավասարեցնել աշխատանքի վարձատրությունը։
Միևնույն ժամանակ Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) փորձագետները 2021 թվականին գենդերային հավասարության մակարդակի վարկանիշում հանգել են այն եզրակացության, որ աշխարհին գրեթե 268 տարի կպահանջվի տնտեսական մասնակցության և հնարավորությունների տեսանկյունից տղամարդկանց և կանանց միջև անջրպետը հաղթահարելու համար։