Դժվար է հավատալ, որ «Համբերանքի չիբուխը», «Հայդուկի երգեր», «Երգեր և վերքեր» շարքերի հեղինակը կարող է այնքան նուրբ հոգի ունենալ, որ ծաղիներ հավաքի, չորացնի ու նուրբ կոմպոզիցիաներ ստեղծի: Sputnik Արմենիան «Մշակութային հայրաքաղաք» նախագծի շրջանակում ներկայացնում է նոր փաստեր Վարպետի՝ Ավետիք Իսահակյանի կյանքից:
Գյումրիում՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում, որտեղ ծնվել ու մինչև 1911թ.-ը ապրել է բանաստեղծը, պահվում է Վարպետի ձեռքով հավաքած ու չորացրած ծաղիկների ալբոմը: Նա ծաղիկները հավաքել ու չորացրել է Երուսաղեմ կատարած այցի ընթացքում: Ալբոմը մշտական ցուցադրության ներկայացված չէ, այլ որպես թանկագին իր՝ պահվում է ֆոնդերում:
Կարինե Վիրաբյան
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Ամեն անգամ զգուշությամբ ենք թերթում էջերը, որ չվնասենք: Տեսե՛ք, թե ինչ աշխատանք է արված, մեկիկ-մեկիկ հավաքած ու չորացրած, ու կից մեկնաբանությունը՝ ձեռագիր»,-նշում է թանգարանի տնօրեն Կարինե Վիրաբյանը:
Վարպետի ձեռքով հավաքած ու չորացրած ծաղիկները
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ի դեպ, վերջերս թանգարանը համալրվել է նաև մեկ այլ արժեքավոր ցուցանմուշով՝ Վարպետի ձեռագրով. պարզվում է՝ Իսահակյանի շնորհիվ է Գյումրիում տեղադրվել Պոլոզ Մուկուչի շիրմաքարը, ինչի մասին վկայում է նրա նամակը շիրմաքար պատրաստող վարպետին:
...Երբ Վարպետն այցի է գնում մոր շիրմին, տեսնում է մի անխնամ գերեզման։ Տեղեկանալով, որ դա հայտնի Պոլոզ Մուկուչի գերեզմանն է, որի հետ ժամանակին մտերիմ է եղել, մաքրել է տալիս տարածքը, ապա 700 ռուբլի տրամադրում շիրմաքարի համար: «Վարպետի նամակն ու նկարը մեզ է փոխանցել գերեզմանաքարը սարքող վարպետի թոռնուհին՝ տիկին Անժիկը: Այսպես ունեցանք Վարպետի ձեռագրի օրիգինալ տարբերակը, ինչը եզակի նմուշ է թանգարանի համար»,- ցույց է տալիս նամակը Կարինե Վիրաբյանը:
«Հարգելի վարպետ Սիմոն, չկարողացա իսկույն պատասխանել, որովհետև գրիպով հիվանդ էի, շնորհակալություն նամակիդ համար ու նամանավանդ շատ ու շատ շնորհակալություն, որ հանգուցյալ Պոլոզ Մուկուչի շիրմաքարը նախ պատրաստել եք և հաջող ավարտել գործը: Ողջ մնամ՝ ամռանը կգամ Լենինական և կտեսնեմ:
Հարգելի վարպետ, երևի արդեն ստացաք ընկեր Անդրանիկ Հովսեփյանից ուղարկածս փողը 500 ռուբլի՝ առաջին անգամ ուղարկածս 200 ռուբլու հետ միասին՝ 700 ռուբլի: Ուրախ եմ, որ այցելողները հանգուցյալ Մուկուչի շիրմաքարը լավ են գտնում: Ջերմագին բարևներով՝ Ավետիք Իսահակյան, 1952 թիվ»,- գրված է նամակում: