ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Բելգորոդում մահացածների թիվը հասել է 4-ի, նրանցից մեկը ՌԴ քաղաքացի է, իսկ երեքը` Ուկրաինայի։ Տեղեկությունը հայտնել է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Զոհվածների վերաբերյալ իմ ունեցած այս պահի տվյալներով 4 մարդ է մահացել։ Ուկրաինայի ղեկավարությունը սպանում է Ուկրաինայի քաղաքացիներին ՌԴ տարածքում, և սա ցինիզմի գագաթնակետն է, որին հասել է այդ երկիրն իր գործողություններով»,– Telegram–ի իր ալիքում տեսաուղերձում ասել է Գլադկովը։
Նշենք, որ այսօր, ավելի վաղ, Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել էր, որ հրետակոծություն է եղել, որի արդյունքում 3 մարդ է զոհվել, իսկ 4-ը` այդ թվում մեկ երեխա, վիրավորվել են։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 130-րդ օրը։