ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը կտրականապես դեմ է, որ ԱՄՆ-ն Թուրքիային F-16 կործանիչներ վաճառի։ Կոնգրեսականը Twitter-ի էջում գրառում է արել` հայտնելով իր տեսակետը։
«Ես վճռականորեն դեմ եմ Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու` վարչակազմի որոշմանը։ Մենք չպետք է խրախուսենք Էրդողանի կողմից մարդու իրավունքների խախտումները և նրա` ոչ լոյալ լինելը ՆԱՏՕ-ի դաշինքին»,- գրել է Փալոնը։
Նա վստահեցրել է, որ շարունակելու է աշխատել իր գործընկերների հետ, որպեսզի այդ վտանգավոր առաջարկը կյանքի չկոչվի, և Թուրքիան պատասխանատվության ենթարկվի։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ավելի վաղ Թուրքիային պաշտոնական ծանուցում էր ուղարկել Անկարայի կողմից ռուսական C-400 ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով վերջինիս F-35 նորագույն կործանիչների մատակարարումների ծրագրից հանելու մասին: ԱՄՆ-ն չեղարկել էր F-35-ի մասին համատեղ հուշագիրը Թուրքիայի հետ՝ այն ստորագրելով F-35 նախագծի մնացած յոթ գործընկերների՝ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Դանիայի, Կանադայի և Նորվեգիայի հետ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետագայում հայտարարեց, որ ԱՄՆ-ն առաջարկում է ուրիշ կործանիչներ գնել, սակայն ոչ թե հինգերորդ, այլ չորրորդ սերնդի՝ F-16-ներ։ Այս հարցը ևս պետք է համաձայնեցվի ԱՄՆ Կոնգրեսում. պետդեպարտամենտը լոբինգ է անում այդ հարցով՝ կոնգրեսականներին համոզելով, թե գործարքը «ծառայում է Վաշինգտոնի շահերին»: