Սորոսի գրասենյակի գործունեությունը ՀՀ-ում կասեցնելու հայցը վարույթ է ընդունվել

Գործով որպես երրորդ անձ է ներգրավվել ՀՀ արդարադատության նախարարությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան գրասենյակի (Սորոսի գրասենյակ) դեմ փաստաբաններ Տիգրան Աթանեսյանի և Մարգարիտա Գյուլումյանի հայցը վարույթ է ընդունվել, տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։
Հունիսի 13-ին փաստաբանները միջնորդել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և պահանջել անհապաղ կասեցնել Սորոսի գրասենյակի գործունեությունը։
Այսպես, «Դատալեքսից» տեղեկանում ենք նաև, որ հայցադիմումը մակագրվել է դատավոր Ալեքսեյ Սուքոյանին։
Գործով որպես երրորդ անձ է ներգրավվել ՀՀ արդարադատության նախարարությունը։ Այս պահին դեռևս նիստի օր չի նշանակվել։
Փաստաբանները պահանջել էին նաև կիրառել հայցի ապահովման միջոց և անհապաղ կասեցնել Սորոսի օֆշորային գրասենյակի գործունեությունը՝ մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Դատարանը մերժել է հայցի ապահովումը։
Հիշեցնենք`Տիգրան Աթանեսյանն ավելի վաղ հայտնել էր` «այս օրերին Սորոսի վարձկանները պատվիրված ելույթներ են ունենում Արցախը թշնամուն հանձնելու քարոզով»:
Ըստ նրա` Հայաստանն այս վիճակից հանելու համար որպես առաջին քայլ` պետք է օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկել Սորոսի հիմնադրամի գործունեությունը արգելելու և այդ հիմնադրամը Հայաստանում լուծարելու համար։