ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ և իտալական «Ռոմայի» նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն իր ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել` «Ռոմային» շնորհակալություն հայտնելով համագործակցության համար։
Նշենք, որ Մխիթարյանն արդեն Միլանի «Ինտերի» ակումբն է ներկայացնելու։
«Շատ յուրահատուկ ակումբ է «Ռոման»։ Ձեր աջակցությունը բացառիկ էր, և ես միշտ շատ հպարտ եմ դրա համար: Երբ առաջին անգամ կրել եմ «Ռոմայի» մարզաշապիկը, մեկ նպատակ ունեի` հաղթել։ Ինձ համար մեծ պատիվ էր խաղալ այստեղ, և ես երբեք չեմ մոռանա այն հրաշալի պահերը, որոնք միասին ենք ապրել»,- գրել է Մխիթարյանը։
Նա շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, որոնց հետ շփվել է այդ ընթացքում։ Մխիթարյանը հավելել է, որ «Ռոման» հավերժ կմնա իր սրտում։
Հիշեցնենք, որ «Ռոմայի» կազմում Հենրիխ Մխիթարյանը նախորդ մրցաշրջանում մասնակցել է 44 հանդիպման ՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Բացի այդ, Հայաստանի հավաքականի նախկին ավագը նվաճել է Կոնֆերեցիաների լիգայի գավաթը։ «Ռոմայի» կազմում, ընդհանուր առմամբ, Մխիթարյանը մասնակցել է 117 հանդիպման, դարձել 29 գոլի հեղինակ։