Լիբիայում բողոքի զանգվածային ցույցեր են ընթանում

Ցույցերի պատճառ են դարձել էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներն ու կենսապայմանների վատթարացումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Լիբիայի մի շարք մեծ քաղաքներում կենսապայմանների վատթարացման դեմ բողոքի զանգվածային ակցիաներ են ընթանում։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։
Նշվում է, որ հուլիսի 1-ի երեկոյան ցուցարարները հարձակվել են Տոբրուկում Լիբիայի Ներկայացուցիչների պալատի (խորհրդարան) գլխավոր գրասենյակի վրա։ Ցուցարարները ներխուժել են շենք և հրդեհել մի շարք աշխատասենյակներ։
Մուամար Քադաֆիի որդին պատրաստվում է մասնակցել Լիբիայի նախագահական ընտրություններին
Ներկա պահին, հեռուստաալիքի տվյալներով, ցուցարարները հավաքվել են նաև Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում գտնվող խորհրդարանի շենքի մոտ։
Լիբիայի ազգային միասնության կառավարության ղեկավար Աբդելհամիդ Դբեյբան հայտարարել է ցուցարարների հետ իր համերաշխության մասին։

«Միանում եմ ամբողջ երկրի ցուցարարներին։ Բոլոր ինստիտուտները պետք է կազմալուծվեն, այդ թվում` կառավարությունը։ Լիբիայի ժողովուրդը գիտի, թե որ ուժերն են խոչընդոտում ընտրություններին։ Դրանք այն ուժերն են, որոնք խոչընդոտել են բյուջեի հաստատմանն ու փակել նավթի արդյունահանումը, ինչը նպաստել է ճգնաժամի խորացմանը»,- սոցցանցի իր հարթակում նշել է Դբեյբան։

Լիբիայի մամուլի հաղորդմամբ` մի քանի ցուցարար ձերբակալվել է Տրիպոլիում։ Լիբիայի բնակչության թվով երկրորդ ամենամեծ քաղաքի` Բենգազիի մի քանի շրջաններում, ցույցերը շարունակվում են։
Օսմանյան մեծ ախորժակ. Թուրքիայի թիրախում հիմա էլ Լիբիա՞ն է