Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները կզարգանան գլոբալ հակամարտության ստվերում. քաղաքագետ

Ռուսաստանցի փորձագետը կարծում է, որ ուժային կենտրոնները լուրջ և երկարատև պայքար են մղելու ռեսուրսների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի և Արևմուտքի հակամարտությունը, որն այսօր առկա է Ուկրաինայի շուրջ, ավելի ընդարձակ գլոբալ գործընթացների մաս է, որոնք անխուսափելի են դարձել Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո միջազգային քաղաքականության զարգացման ողջ ժամանակահատվածի արդյունքում։ Այս մասին «Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայությունն Ուկրաինայում և դրա ազդեցությունը հետխորհրդային տարածքի վրա» թեմայով կլոր սեղանի ընթացքում Երևանում հայտարարեց «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի ծրագրային տնօրեն, ռուսաստանցի քաղաքագետ Տիմոֆեյ Բորդաչյովը։
Ռուսաստանցի քաղաքագետ Տիմոֆեյ Բորդաչյով
Փորձագետի խոսքով` այսօր ճգնաժամ է նկատվում միջազգային այն տնտեսական և քաղաքական համակարգում, որը ստեղծվել է Համաշխարհային երկրորդ պատերազմի արդյունքում։
Բորդաչյովն այն համարում է համաշխարհային կապիտալիզմի ճգնաժամ, որը էապես խորացել էր Չինաստանի և այլ երկրների զարգացմամբ, ինչի հետևանքով մարդկությանը հասանելի ռեսուրսների սպառումն ավելացել էր։ Ու քանի որ ռեսուրսների այս գլոբալ կրճատմանը համաշխարհային տնտեսական համակարգի հարմարեցման համար նոր լուծումներ գոյություն չունեն, պետությունները ստիպված են պայքար մղել դրանց համար։
Ռուսաստանն իր դաշնակիցներից չի պահանջում մասնակցել հատուկ գործողությանը. Տիմոֆեյ Բորդաչով
Փորձագետը կարծում է, որ սա լուրջ և երկարատև պայքար է։ Աշխարհն առաջիկա տարիներին, և գուցե նաև տասնամյակներ, ապրելու է պետությունների միջև ուղղակի կամ անուղղակի զինված հակամարտության պայմաններում։ Հակամարտության այս ընդհանուր տիրույթի մաս են կազմելու նաև հետխորհրդային տարածքները, այդ թվում՝ Հայաստանը։
Քաղաքագետի կարծիքով` առաջիկա տարիներին հայ-ռուսական հարաբերությունները զարգանալու են այդ պատերազմի ստվերում, որին բոլորը պետք է պատրաստ լինեն ու մշտապես հաշվի առնեն իրենց դիվանագիտական և արտաքին քաղաքական գործունեության ժամանակ։

«Մենք մշտապես բախվում ենք սրացման վտանգին, և պետությունները, այդ թվում՝ Հայաստանն ու Ռուսաստանը, պետք է իրենց քաղաքականությունն այնպես կառուցեն, որպեսզի առավելագույնի հասցնեն իրենց ձեռքբերումներն ու նվազագույնի` մյուս երկրներից բխող ռիսկերը։ Մեր երկրների համար առաջիկայում ամենակարևոր խնդիրը լինելու է սեփական ներքին կայունության բարձրացումը, ներքին զարգացման ապահովումը։ Կարծում եմ` մեր պետություններն այդ կայունության համար պետք է քաղաքացիների շահերի պահպանման որոշակի հիմքային մակարդակ ապահովեն»,- նշեց Բորդաչյովը։

Խոսելով Մոսկվայի քաղաքականության մասին հետխորհրդային տարածքում` Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ​​ինստիտուտի ՄՀԻ-ի Եվրասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Իվան Սաֆրանչուկն իր հերթին նկատեց, որ գլոբալ վերափոխումների ֆոնին Ռուսաստանն այդ հարթակում ավելի քիչ պահանջկոտ է դառնում ու ավելի պակաս համառություն ցուցաբերում։
ՄՀԻ-ի Եվրասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Իվան Սաֆրանչուկ
ՌԴ-ի «կեղծ կայսերական ամբիցիաների առումով» Արևմուտքի մեղադրանքներն ու նախատինքները բոլորովին չեն համապատասխանում ո՛չ իրականության, ո՛չ էլ ՌԴ-ի ներսում տիրող զգացողությունների հետ։
Սաֆրանչուկն ընդգծեց, որ Ռուսաստանը հետխորհրդային պետություններին պատրաստ է մեծ ազատություն տալ ինքնուրույն որոշումներ կայացնելու համար։
Ուկրաինական ճգնաժամի և դրանից բխող գործընթացների պայմաններում Ռուսաստանի կարևորագույն խնդիրը փորձագետը համարում է նյութական բարեկեցության և սեփական ինքնիշխանության համատեղումը։
Կա բանաձև, և կա քաղաքական նպատակահարմարություն. քաղաքագետը` ՄԱԿ–ի որոշման մասին
Նա համոզված է, որ ապագայում միությունները կառուցվելու են վերոնշյալ երկու նպատակների` բարեկեցության և ինքնիշխանության ընդունելի համադրությանը միասին հասնելու` երկրների շահագրգռության վրա։ Այս տեսանկյունից հետխորհրդային տարածքի ոչ բոլոր երկրները հետաքրքիր կլինեն Ռուսաստանին, բայց նրանց հետ, ովքեր հետաքրքիր են, Մոսկվան ակտիվ աշխատելու է։