ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ներկայացրեց առաջիկա միջոցառումները։
«Հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը, երթ ենք նախատեսում ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության և պետական խորհրդանիշների»,- ասաց նա։
Իսկ հուլիսի 8-ին` ժամը 19։30-ին, Ֆրանսիայի հրապարակում կրկին հանրահավաք կանցկացվի։
«Այդ ընթացքում՝ մյուս շաբաթվա մեջ, կրկին տեղի կունենան ակցիաներ, մենք կշարունակենք մեր կազմակերպչական և մյուս աշխատանքները»,- նշեց Սաղաթելյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ։
Ապրիլի 22-ին Իշխան Սաղաթելյանն ազդարարեց վարչապետին ու նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում ընդդիմությունը բազմահազարանոց հանրահավաք անցկացրեց։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, և մայիսի 2-ից սկսվեցին անհնազանդության ակցիաները։
Հունիսի 14-ին Սաղաթելյանը հայտարարեց, որ վրանային ավանը լիարժեք կատարել է իր գործը, և հունիսի 15-ին վրանները հավաքեցին: Դա, սակայն, ընդդիմադիրի խոսքով, ամենևին էլ պայքարի ավարտ չի նշանակում. նրանք շարունակելու են անհնազանդության ակցիաներն ու երթերը, գնալու են մինչև վերջ: