Որոշել եմ շարունակել իմ գործունեությունը. Թագուհի Թովմասյանը չի հրաժարվի պաշտոնից

Թագուհի Թովմասյան. Արխիվային լուսանկար
Թագուհի Թովմասյանն ասում է, որ երկար ծանրութեթև է արել որոշում կայացնելուց առաջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը հայտնում է, որ պաշտոնից չի ազատվում։ Նա ֆեյսբուքյան իր էջում է գրառում արել` մանրամասնելով իր քայլի պատճառը։
«Որոշել եմ շարունակել իմ գործունեությունը՝ որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անկուսակցական, անկախ նախագահ»,–գրել է Թովմասյանը։
Նա գրել է նաև, որ երկար ծանրութեթև է արել որոշում կայացնելուց առաջ, և մի քանի արձանագրում արել։ Թովմասյանի խոսքով` եթե գործընկերային համերաշխության մասին էր խոսքը, ապա պետք է բոլորը գործընկերաբար Արթուր Վանեցյանից հետո հրաժարվեին պատգամավորական մանդատներից: Բացի այդ, նա հիշեցրել է, որ դեռ նախորդ տարի հայտարարել էր` բոլոր ընդդիմադիրներով պետք է վայր դնեն մանդատները՝ պայմանով, որ հաջորդներից էլ որևէ մեկը չի վերցնելու ազատված մանդատը:
Թովմասյանը նշել է նաև, որ այս փուլում, հատկապես երբ որոշվում է Արցախի մեր հայրենակիցների ճակատագիրը, երբ Արցախի և Հայաստանի քաղաքացիների իրավունքների խախտումների լրջագույն խնդիրներ են արձանագրվում, գործ անելու կարիք կա:
Հիշեցնենք, որ խորհրդարանում այսօր գաղտնի քվեարկություններով դադարեցվեցին ԱԺ փոխնախագահի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վահե Հակոբյանի լիազորությունները։ Դրանից հետո ընդդիմադիր պատգամավոր Արմեն Գևորգյանը տելեգրամյան իր ալիքում հայտնեց, որ հրաժարվում է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
Բացի այդ, Հայկ Մամիջանյանը հրաժարվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից, Թադևոս Ավետիսյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի, իսկ Արթուր Խաչատրյանը` ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից։ Այսպիսով, միայն Թագուհի Թովմասյանը պահեց իր պաշտոնը։