«Խորը շունչ քաշեք». Հայկ Մարությանը` ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մասին

Հայկ Մարության
Հայկ Մարությանն արձագանքել է Երևանի քաղաքապետարանում հայտնաբերված խախտումների վերաբերյալ լուրին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու հաջորդ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու որոշում դեռ չի կայացրել։ Նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում` անդրադառնալով այսօր լրատվամիջոցների տարածած այն տեղեկությանը, թե Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է իրականացրել Երևանի քաղաքապետարանում և 2018-2021թթ. գործունեության վերաբերյալ մեծ ծավալի խախտումներ է հայտնաբերել։
Ըստ հրապարակումների` պարզվել է, որ 2018-2021թթ. ընթացքում ընդհանուր առմամբ պետությանը հասցված վնասի չափը կազմում է շուրջ 16 միլիարդ ՀՀ դրամ՝ մոտ 40 միլիոն ԱՄՆ դոլար։

«Շարժառիթը անգամ քաղաքականությամբ չզբաղվող մեր քաղաքացիներն են հասկանում․ ֆալշստարտով քաղաքապետի թեկնածու հայտարարած քաղաքական ուժը հանրությանը «պատրաստում է ընտրություններին»։ Տղե՛ք, ինչո՞ւ չէ, նաև աղջկե՛ք, ես Երևանի հաջորդ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ այս պահին որոշում չեմ կայացրել, կարող եք խորը շունչ քաշել ու հանգիստ լինել»,- գրել է Մարությանը։

Նա հատկանշական է համարել, որ ՊՎԾ-ն քաղաքապետարանում հենց 2018-2021 թվականների չարաշահումներն է փնտրել։
«Դրանից առաջ ու դրանից հետո փաստորեն ոչինչ տեղի չի ունեցել»,- եզրափակել է Մարությանը։
Երևանի քաղաքապետարանում ուսումնասիրությունը Մարությանի գնալու հետ կապ չունի. ՊՎԾ ղեկավար
Հիշեցնենք` 2020-ի դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանին արտահերթ նիստ հրավիրեց և անվստահություն հայտնեց Հայկ Մարությանին, որը քաղաքապետ էր ընտրվել 2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով։
Նրա փոխարեն դեկտեմբերի 25-ին Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնեց Հրաչյա Սարգսյանը։