Հայկ Մամիջանյանը, Թադևոս Ավետիսյանը և Արթուր Խաչատրյանը ևս հրաժարվում են պաշտոններից

Հայկ Մամիջանյանը ԱԺ-ում. Արխիվային լուսանկար
Պատգամավորները հրաժարվում են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների կամ փոխնախագահների պաշտոններից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հրաժարվում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից, տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Մամիջանյանը։

«Հաշվի առնելով քաղաքական մեծամասնության կողմից ստեղծված քաղաքական և բարոյական ճգնաժամը՝ որոշում եմ կայացրել հրաժարվել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից։ Կշարունակեմ գիտելիքներս ու կապերս ծառայեցնել ի նպաստ մեր հայրենիքի՝ այդ թվում նաև խորհրդարանական և կուսակցական դիվանագիտության գործիքների կիրառմամբ»,- գրել է Մամիջանյանը։

Նա նշել է, որ խորհրդարանական դիվանագիտությունը դիտարկելով որպես Հայաստանի և Արցախի շահերը հավուր պատշաճի միջազգային հարթակներում ներկայացնելու առանցքային գործիք՝ փորձել է հնարավորինս արդյունավետ օգտագործել այն։
Միաժամանակ, «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արթուր Խաչատրյանը ևս «Ֆեյսբուքում» հայտնել է պաշտոնից հրաժարվելու մասին։

«Այսօր, երբ մեր հայրենիքը կանգնած է իր մի հատվածը կորցնելու վտանգի առաջ, երբ հայոց պետականության ինքնիշխանության ոչնչացման ռեալ վտանգ կա, երբ ոսոխը մեզ շարունակում է պատերազմով սպառնալ, ՔՊ-ականների միակ հոգսն իրենց աթոռներն են։ Թող մեզ իրենց արշինով չչափեն։ Թող հույս չունենան, որ մեր ընկերներին պաշտոնից, իսկ շատերին նաև ազատությունից զրկելով` նրանք կկասեցնեն մեր պայքարը։ Սա հայ ազգի գոյության, հայոց պետականության համար պայքար է, այլ ոչ թե պաշտոնի ու պարգևավճարների»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ խորհրդարանում այսօր գաղտնի քվեարկություններով դադարեցվեցին ԱԺ փոխնախագահի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վահե Հակոբյանի լիազորությունները։ Դրանից հետո ընդդիմադիր պատգամավոր Արմեն Գևորգյանը տելեգրամյան իր ալիքում հայտնեց, որ հրաժարվում է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։