ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Գերմանիան կենսաթոշակի անցած իր մասնագետներին կգործուղի Հայաստան։ Այսօր Երևանում Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Սվենյա Շուլցեի հետ հանդիպման ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Գերմանիայի Դաշնությունն իր` արդեն թոշակառու դարձած մասնագետներին որպես խորհրդատու արտերկիր ուղարկելու ծրագիր ունի։ Դա շատ հետաքրքիր ծրագիր է մեզ համար, քանի որ տնտեսության արդիականացման և տնտեսական արտադրողականության բարձրացման մեր ծրագրերից մեկը բարձրակարգ մասնագետներին հայկական ընկերություններում ներգրավելն է»,- ասաց Քերոբյանը։
Նախարարի գնահատմամբ` եթե ծրագիրը հաջողվի իրականացնել, կարող է մեծ խթան լինել հայկական ընկերությունների արտադրողականության բարձրացման համար։
Սվենյա Շուլցեն իր հերթին նշեց, որ հայկական կողմի հետ ծրագրերի իրականացումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հայաստանն ապահովի իր որդեգրած իրավական պայմանները` պայքար կոռուպցիայի դեմ, արդարադատության համակարգի բարեփոխումներ, կայուն ժողովրդավարություն։
«Սրանք այն երաշխիքներն են, որոնց դեպքում հնարավոր են գերմանական ներդրումները, և որոնց դեպքում գերմանական կողմը ուրախ կլինի աջակցելու ՀՀ կառավարությանը»,- ասաց Շուլցեն։
Նշենք, որ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարի գլխավորած պաշտոնական պատվիրակությունն այսօր հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։