Երևանի պոլիկլինիկաներում նոր ռենտգեն սարքեր կտեղադրվեն. ի՞նչ բարեփոխումներ են արվում

Արխիվային լուսանկար
Մայրաքաղաքի 7 պոլիկլինիկա օպտիմալացվելու է, ինչի արդյունքում, ըստ փոխքաղաքապետի, այդ կառույցները կտրամադրեն ավելի հասանելի և բարձր որակով ծառայություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող պոլիկլինիկաներում այս տարի նախատեսվում է շուրջ 230 մլն դրամ արժողությամբ բժշկական սարքավորումներ ու պարագաներ ձեռք բերել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը։
«Նախատեսվում է պոլիկլինիկաներում թվով 8–ական ռենտգեն թվային, ուլտրաձայնային սարք ձեռք բերել։ Մենք նաև մի հրահանգ ենք իջեցրել մեր պոլիկլինիկաներին, որպեսզի մինչև տարեվերջ բոլոր չափիչ սարքերը (ջերմաչափ, ճնշման սարք, կշեռք) փոխարինվեն թվային նոր ժամանակակից սարքավորումներով»,– ասաց Սիմոնյանը։
Նա շեշտեց, որ վերջնանպատակն այն է, որ քաղաքացիների շրջանում վերականգնվի հոսքը դեպի Երևանի պոլիկլինիկաներ, քանի որ վերջին տարիներին այն ուղղվել է դեպի մասնավոր կլինիկաներ։
Նշենք նաև, որ այս տարվա մայիսին ավագանին որոշեց առաջնային օղակի 7 ՓԲԸ խոշորացնել ու միացնել մոտակա այլ ավելի խոշոր առաջնային օղակի ՓԲԸ–ի հետ։
«Այս պահին որոշումն այնպիսին է, որ այդ պոլիկլինիկաները պահպանելու են իրենց տեղակայման վայրերը, ուղղակի 1 ավելի խոշոր իրավական և ֆինանսական միավորի են վերածվելու։ Փոփոխությունը լինելու է միայն կառավարման ոլորտում, բնակիչն իր մաշկի վրա անհարմարություն չի զգա։ Այս ամենը կհանգեցնի ծառայությունների որակի բարձրացման, դրանք կդառնան ավելի հասանելի։ Այսպիսով կներդրվեն նաև այնպիսի ծառայություններ, որոնք ներկա պահին առկա չեն պոլիկլինիկաներում»,– ասաց Սիմոնյանը։
Նրա խոսքով` օպտիմալացումը կհանգեցնի նաև ֆինանսական առողջացման, ինչն էլ իր հերթին հնարավորություն կտա ավելի բարձր աշխատավարձով բժիշկների ներգրավել։ Դրույքային աշխատավարձի բարձրացում օպտիմալացման շրջանակում հնարավոր է չլինի, քանի որ այդ հարցը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ։
«Այսօր կան մասնագետներ, որոնք 0.25 կամ 0.5 դրույքով են աշխատում, սակայն միավորման արդյունքում նրանց դրույքը կավելանա, կդառնա 1 դրույք, ու դրա հաշվին կարող են բարձր աշխատավարձ ստանալ։ Մենք այսօր արդեն բանակցություններ ենք վարում ՀՀ առողջապահության նախարարության հետ, որպեսզի հաջորդ տարի վերանայվի ֆինանսավորման հարցը, քանի որ հենց բժիշկների աշխատավարձը ձևավորվում է հենց այդ տրամաբանությամբ»,– նշեց Սիմոնյանը։
Փոխքաղաքապետը վստահեցրեց` առաջնային օղակների միավորման արդյունքում բոլոր մասնագետները կպահպանեն իրենց աշխատանքը, սակայն դրանից հետո, այն անձինք, որոնք արդեն խոշորացված կոլեկտիվում արդյունք ցույց կտան, կշարունակեն աշխատել, կխրախուսվեն և այլն։
Երևանցիների համար տարբեր առողջապահական ծառայություններ ավելի հասանելի կդառնան
Նորք-Մարաշ վարչական շրջանի պոլիկլինիկաներից մեկում, որն այս տարի խոշորացվել է և միացել թիվ 4 պոլիկլինիկային, սկսվելու են կապիտալ վերանորոգման աշխատանքներ, ինչից հետո էլ կվերազինեն համապատասխան սարքերով։
Արաբկիր վարչական շրջանի մանկական և Լեո փողոցի պոլիկլինիկաների վերաբերյալ քննարկում կա դրանց ծառայությունները տեղափոխել մեկ այլ վայր` հաշվի առնելով շենքային պայմաններն ու մյուս պոլիկլինիկայի ավելի մեծ պոտենցիալը։
Սիմոնյանի պնդմամբ` հաջորդ տարի 5 պոլիկլինիկա կսկսեն վերանորոգել։