Էրդողանը սպառնացել է Հունաստանին, չի մոռացել շվեդներին և ֆիններին

Թուրքիայի նախագահ
Թուրքիայի ղեկավարը խոսել է բանակը հզորացնելու մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կշարունակի հզորացնել իր զինված ուժերը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Անադոլու» գործակալությանը։

«Վերջին վեց տարիների գործողությունները հիմք են տվել, որ Թուրքիայի ԶՈւ-ն ընդգրկվի աշխարհի ուժեղագույն բանակների ցանկում։ Մենք շարունակելու ենք մեր քայլերն այնքան, որ մեր բանակն աշխարհում ուժեղագույնը դառնա»,- հայտարարել Է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը նշել է, որ չնայած անձնակազմի որոշակի պակասին` իրենց զինված ուժերը շարունակում են նոր հաջողություններ գրանցել:
Նրա խոսքով՝ թուրքական բանակի հզորությունը դրսևորվում է նաև ահաբեկչության դեմ պայքարում, այդ թվում՝ անդրսահմանային գործողությունների համատեքստում։
«Ահաբեկչության դեմ պայքարը կշարունակվի այնքան, մինչև այդ սպառնալիքը լիովին վերանա»,– ընդգծել է նա:
Էրդողանն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում ռազմական զորավարժությունների նկատմամբ օտարերկրյա գործընկերների հետաքրքրության աճի վրա։
Երկրի ղեկավարը նշել է, որ Թուրքիայում անցկացված վերջին զորավարժությունների մասնակից երկրների թիվը հասել է 39-ի, որոնց թվում է նաև ԱՄՆ-ն:
«Թուրքիան պատրաստ է հաղթանակի գործում ներդրում ունենալ աշխարհի ցանկացած մասում։ Դա մենք ցույց տվեցինք Ադրբեջանում և Լիբիայում», - արձանագրել է թուրք առաջնորդը։
Պետության ղեկավարը նշել է, որ ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ Անկարային աջակցություն չեն ցուցաբերում ահաբեկչության դեմ պայքարում:
«Մենք չենք մոռանում նրանց մասին, ովքեր երես են թեքել մեզանից», - ասել է Էրդողանը։
Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում երկու անգամ ծաղրել է Ջոնսոնին. կադրեր Մադրիդից
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Մադրիդում ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի արդյունքներին։
Նրա խոսքով` եթե Շվեդիան կամ Ֆինլանդիան փորձեն ձգձգել ստանձնած պարտավորությունների իրականացումը կամ կեղծավորություն անեն, Թուրքիան կվերադառնա ՆԱՏՕ-ի ընդլայնման սկզբնական դիրքորոշմանը:
«Թող դրանում ոչ ոք չկասկածի»,- շեշտել է Էրդողանը՝ հիշեցնելով, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավերը դեռ չի նշանակում, որ ընդգրկվում են Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում։
Նա նաև խոսել է Հունաստանի մասին` նշելով, որ այդ երկիրը պիտի հիշի պատմության դասերը և հաշվի առնի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները։
Ինչու է Թուրքիան միշտ ստանում այն, ինչ ուզում է. միգուցե արժե ուսումնասիրե՞լ հարևանի փորձը