Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը մեկնարկել է

Սա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների 4-րդ հանդիպումն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը: Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 1-ին նախատեսված է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների 4-րդ հանդիպումը։
Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին` Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14–ին Մոսկվայում, երկրորդն ու երրորդը` փետրվարի 24-ին և մայիսի 3-ին Վիեննայում։