ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստի ժամանակ փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի 2 դատավորի։ Երրորդ թեկնածուի համար պետք է կրկին քվեարկեն։
Ընդհանուր առմամբ` կա 4 խումբ, և այդ պատճառով տեղի ունեցավ 4 տարբեր քվեարկություն։ Դատավորների թեկնածությունն առաջադրել է Բարձրագույն դատական խորհուրդը։
Նշենք, որ հունիսի 29-ին մեկնարկած արտահերթ նիստի ժամանակ ԱԺ- առաջին խմբում առաջադրված թեկնածուներից ընտրել է Արտակ Կրկյաշարյանին, որը ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալն է։ Մյուս երկու թեկնածուներն էին Երևանի դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանն ու Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուշեղ Հարությունյանը։
Երկրորդ խմբում առաջադրված էր Լուսինե Աբգարյանի, Կարեն Բատիկյանի և Սերգեյ Չիչոյանի թեկնածությունները։ Միաձայն ընտրվել է Սերգեյ Չիչոյանը։ Քվեարկությանը մասնակցել է ԱԺ 107 պատգամավորից 67-ը։ Լուսինե Աբգարյանն ու Կարեն Բատիկյանը ոչ մի ձայն չեն ստացել։
Երրորդ խմբում Հովհաննես Ավագյանը, Կարեն Բիշարյանն ու Նելլի Հարությունյանն էին։ Քվեարկությանը մասնակցել է 68 պատգամավոր, միաձայն ընտրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանը։ Հովհաննես Ավագյանն ու Նելլի Հարությունյանը ստացել են 0 ձայն։
Չորրորդ խմբում Ռուբիկ Մխիթարյանի, Արսեն Նիկողոսյանի և Արթուր Սարգսյանի անուններն են։
Այս խմբի քվեարկությանը մասնակցել է 62 պատգամավոր։ Նրանցից 33-ը քվեարկել են Արթուր Սարգսյանի, 29-ը` Ռուբիկ Մխիթարյանի օգտին։ Արսեն Նիկողոսյանը ստացել է 0 ձայն։
Այսպիսով, այս խմբից դատավոր չի ընտրվել, և պետք է նոր քննարկում, այնուհետև քվեարկություն լինի, որին կմասնակցեն առավել շատ ձայներ ստացած երկու թեկնածուները։
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերով դատավորներ ընտրեց ՔՊ-ական պատգամավոր, նախկինում փաստաբան Արթուր Դավթյանին, Լիպարիտ Մելիքջանյանին և Գևորգ Գյոզալյանին։
Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ ընտրվեցին Լիանա Հակոբյանը, Արծրուն Միրզոյանն ու Քրիստինե Մկոյանը։
Նշենք, որ Վճռաբեկ դատարանի դատավորների քվեարկությանը մասնակցում են միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները. ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն արտահերթ նիստին չեն մասնակցում։