ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Թրաֆիքինգի մեղադրանքով հետախուզվող 50-ամյա Մելինե Գ.-ն բացատրական աշխատանքների արդյունքում Թուրքիայից վերադարձել է Հայաստան և բերման ենթարկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Կինը ոստիկանության Սևանի բաժնի և ՀՀ-ում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի (ԱԿԲ) ծառայողների կողմից հետախուզվում էր 2006 թվականի հոկտեմբերի 3-ից։ Ընթացիկ տարվա հունիսի 29-ին Մելինե Գ.-ն Ստամբուլ-Երևան չվերթով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան, որտեղից էլ բերման է ենթարկվել։
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի (մարդու թրաֆիքինգ կամ շահագործում) 2-րդ մասով։
Խափանման միջոց է ընտրվել կալանքը։