ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը կայուն է` չնայած մեկ շաբաթում արձանագրված դեպքերի զգալի աճին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։
Վերջին շաբաթում վարակվածների թիվը գրեթե կրկնակի աճել է` 139 դեպք (մինչև հունիսի 26-ի տվյալներն են)։ Նախորդ շաբաթ հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 60 դեպք։ Փորձագետը նշում է, որ նման ցուցանիշներ Հայաստանում վաղուց չեն եղել։ Այնուամենայնիվ, ըստ Աբովյանի, իրավիճակը վերահսկողության տակ է։
«Համաճարակաբանական իրավիճակը կայուն է, չնայած վերջին 14 օրվա ընթացքում նախորդ 2 շաբաթվա համեմատ մեզ մոտ արձանագրվել է 146 % աճ։ COVID-19-ի վերարտադրության գործակիցը կազմել է 1,47»,- ասաց Աբովյանը։
Մասնագետը շեշտեց, որ մեծ մասամբ նոր դեպքեր են հայտնաբերվում այն քաղաքացիների շրջանում, որոնք թեստ են հանձնում երկրից մեկնելուց առաջ կամ ժամանելուց հետո։ Նրանք հիմնականում ախտանշաններ չեն ունենում։ Հիմա ՀՀ-ում չկան ծանր հիվանդներ, հոսպիտալացման կարիք ունեցող կամ վերակենդանացման բաժանմունքում գտնվող բուժառուներ: Ավելին` Հայաստանը ԵՄ չափանիշներով` համավարակի տեսանկյունից այժմ գտնվում է «կանաչ գոտում»։
Այդուհանդերձ, Աբովյանը չցանկացավ իրավիճակի հետագա զարգացման վերաբերյալ կանխատեսումներ անել։ Նրա խոսքով՝ աշխարհում տարածվում են կորոնավիրուսի BA.4, BA.5 մանրէահիմքերը (նոր հարավաֆրիկյան «օմիկրոններ»): Նրանցից BA.5-ը բավական վարակիչ է, սակայն կլինիկական պատկերի տեսանկյունից դեռ հստակ դիրքորոշում չկա: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ տեսակով վարակված անձինք հիվանդությունը բավականին հեշտ են տանում, հատկապես այն երկրներում, որտեղ պատվաստումների գործընթացը հաջողությամբ է ընթանում։
Աբովյանը նշեց, որ առողջապահության նախարարությունը շարունակում է զգոնություն պահպանել, և անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկվեն: